Կորոնավիրուսային վարակով մոտ 5 հազար հիվանդ է գտնվում Ֆրանսիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Երեկվա այս ցուցանիշը գերազանցեց համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ՝ աշնանը գրանցված առավելագույն թիվը:
Անցած օրվա ընթացքում ֆրանսիական հիվանդանոցներում մահացել է կորոնավիրուսային վարակով ևս 360 հիվանդ, երկրում համաճարակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 95 հազարին:
Ֆրանսիայում վերջին շրջանում համաճարակաբանական բոլոր ցուցանիշները կայուն կերպով վատթարանում են: Առաջիկա օրերին նախագահ Էմանյուել Մակրոնը և կառավարությունը կարող են հայտարարել համաճարակը զսպելու լրացուցիչ միջոցառումների մասին:
Հունգարիայում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 8-ը: Երկրում շարունակում է գործել պարետային ժամը, ռեստորանները, մշակութային հաստատությունները, խանութներն ու դպրոցները շարունակում են փակ մնալ: