Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով. ԱԳՆ 


հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա մաքսակետը, արխիվ
հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա մաքսակետը, արխիվ

Հայաստանն ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Արտգործնախարարության լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով, սակայն, նշել որևէ ժամկետ, թե ուղևորահոսքի համար մոտ մեկ տարի փակված հայ-վրացական ցամաքային սահմանը երբ կբացվի։

Ի տարբերություն ուղևորափոխադրումների՝ հայ-վրացական ու հայ-իրանական ցամաքային սահմանով բեռնափոխադրումները անխափան իրականացվել են կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան երեկ հայտարարեց, թե իր երկրի կառավարությունը քննարկում է Վրաստանի ցամաքային սահմանների բացման հնարավորությունը։ Քովիդի պատճառով Թբիլիսին իր ցամաքային սահմանները փակեց անցած տարվա մարտից։ Այս տարվա փետրվարից Վրաստանը սկսեց աստիճանաբար բացել օդային սահմանները մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայության պայմանով։ Նպատակը՝ զբոսաշրջության ծավալների վերականգնումն է։

Տուրիզմը վրաստանյան տնտեսության առանցքային ճյուղերից է։ Այդ երկրի վիճակագրական ծառայության համաձայն, եթե 2019-ին Վրաստան է այցելել ավելի քան 9 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ապա 2020 թվականին՝ մոտ 1,5 միլիոն կամ ավելի քան 83 տոկոսով պակաս։

Հայ-վրացական ցամաքային սահմանի վերաբացմանը անցած չորեքշաբթի՝ մարտի 24-ին Ազգային ժողովում անդրադարձավ արտգործնախարար Արա Այվազյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց բարձրացրեց, թե Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման նպատակով ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

«Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ, անցած շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ փոխարտգործնախարարների մակարդակով և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ՝ ներառյալ այն հարցը, որ բարձրացրել եք: Երկու կողմն էլ դրական են տրամադրված այս հարցի լուծմանը: Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունը ունի, բայց նաև առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք վստահ եմ, որ արագ լուծման են ենթակա», - ընդգծեց Այվազյանը:

Հայաստանը իր ցամաքային սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար վերաբացեց այս հունվարից, օդային սահմանը վերաբացվել էր ավելի վաղ՝ անցած տարվա օգոստոսից։ Արդյունքում, օրինակ, Իրանից մարդիկ հնարավորություն ստացան ցամաքային սահմանով մուտք գործել Հայաստան, իսկ Վրաստանից դեռևս ոչ, որովհետև սահմանը վրացական կողմից շարունակում է փակ մնալ։

Հայաստանի պարագայում Վրաստանի հետ ցամաքային սահմանի փակ լինելը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, քանի որ, օրինակ, դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա ու բազմաթիվ այլ երկրներ և հակառակ ուղղությամբ ուղևորահոսքի մի զգալի մասը անցնում է Վրաստանով։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ հայ-վրացական ցամաքային սահմանի վերաբացումը, իրականում, անհրաժեշտ է երկու երկրներում զբոսաշրջության ծավալների արագ վերականգնման համար։

«Եթե մենք կարողանանք ունենալ բաց ցամաքային սահման Վրաստանի հետ, դա ոչ միայն երկու երկրների միջև կապն է և այցելությունը, այլ ընդհանրապես աշխարհից, համաշխարհային շուկայից համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքով զբոսաշրջիկներ ունենալն է», - ընդգծեց Ապրեսյանը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, անցած տարի՝ 2019 թվականի համեմատ օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է ավելի քան 80 տոկոսով, եթե 2019-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար զբոսաշրջիկ, ապա անցած տարի՝ 375 հազար։ Զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը անկում է ապրել 85,7 տոկոսով։

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կանխատեսեց, թե այս տարի զբոսաշրջության ոլորտում աճը կկազմի 319 տոկոս։

«Իսկ եթե հաշվի առնենք, որ 375 հազար այցելություն ենք ունեցել՝ ներգնա զբոսաշրջային այցելություն, 20 թվականին, դա նշանակում է՝ 1-2 միլիոնի հասցնել այս տարվա՝ 2021 թվականին զբոսաշրջային այցելությունները: Եթե հաշվի առնենք, որ 19 թվականին դա եղել է շուրջ 1,9 միլիոն՝ 1 միլիոն 894 հազար, ըստ էության, դա նշանակում է կեսից մի փոքր ավելի, հասնել, ձգտել գոնե, բայց իհարկե, դեռևս չհասնելով 19 թվականի ցուցանիշին: Դա լիովին իրատեսական է, եթե աշխատենք», - ասաց Մեխակ Ապրեսյանը:

XS
SM
MD
LG