Բավրայի մաքսակետը 2020-ին Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական միջինը սպասարկել է 200-ից ավելի բեռնատար, նախկին՝ 70-120-ի փոխարեն, հայտնում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականին, համավարակի և ռազմական դրության պայմաններում, ինչպես նաև աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի և Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա:
Նշելով, որ Վրաստանից Հայաստան սահմանը ցամաքային ճանապարհով արդեն կարող են հատել Վրաստանի քաղաքացիները՝ միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում, ՊԵԿ-ն ընդգծում է, որ Բավրայի մաքսակետում փետրվարի 8-ից 11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի:
Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելք, ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո։ Հայ-վրացական սահմանի ցամաքային մաքսակետերով Վրաստան կարող են մուտք գործել միայն բեռնափոխադրողները։