Մատչելիության հղումներ

Նիկոլայ Պատրուշևը հայտարարում է՝ եթե «Վաշինգտոնը որոշի բարդություններ ստեղծել Մոսկվայի համար, պատասխան կտանք»


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արխիվ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արխիվ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր նախազգուշացրել է՝ եթե «Վաշինգտոնը որոշի բարդություններ ստեղծել Մոսկվայի համար, պատասխան կտանք»: Պատրուշևը միևնույն ժամանակ պնդել է, թե Ռուսաստանը միտված է կառուցողական երկխոսության։

«Մենք Միացյալ Նահանգների նկատմամբ որևէ թշնամական քայլ չենք կատարել, հակառակը՝ ուզում ենք հավասարության սկզբունքի վրա հիմնված կառուցողական հարաբերություններ ունենալ», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերն այն մասին, որ հարաբերությունները Մոսկվայի հետ բարդ են լինելու։

Ռուս-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ լարվածությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան տվեց լրագրողի հարցին, թե արդյոք ինքը Վլադիմիր Պուտինին մարդասպա՞ն է համարում։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամին զուգահեռ կտրուկ վատթարանում են նաև Ռուսաստան-Եվրամիություն և ջերմանում ռուս-չինական հարաբերությունները։ ԵՄ-ը ոչնչացրել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները, երեկ՝ մարտի 23-ին, Պեկինում Չինաստանի արտգործնխարար Վանգ Յիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին հայտարարել Է ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Եվրամիությունում դեռ կան մի քանի պետություններ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսություն ունենալու օգտին, մյուսները, սակայն, նախընտրել են քանդել բոլոր կապերը Ռուսաստանի հետ:

«Եվրամիության հետ՝ որպես կազմակերպություն, հարաբերություններ չկան։ Այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել Է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - Չինաստանում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հավելելով, թե Արևելքի, այսինքն Չինաստանի հետ հարաբերություները տարեցտարի խորանում են, և Մոսկվա-Պեկին հարաբերությունների օրակարգն այսօր շատ հագեցած է։

Այդուամենայնիվ, Մոսկվայում պարբերաբար հայտարարում են, թե պատրաստ են վերականգնել հարաբերությունները Արևմուտքի հետ, եթե Արևմուտքի մոտ տեսնեն նման ցանկություն։

Սերգեյ Լավրովի կարծիքով՝ այն, որ Եվրամիությունը չի ցանկանում կառուցողական երկխոսություն ունենալ իր ամենամեծ հարևանի հետ, աննորմալ է։

Նախօրեին, հիշեցնենք, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանը որդեգրել է ԵՄ-ի հետ առճակատման քաղաքականություն: Սրա հետ մեկտեղ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ պետք է նվազեցնել կախվածությունը Արևմուտքից և ավելի սերտ հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ, պետք է հրաժարվել ամերիկյան ֆինանսավորման համակարգից և այս հակամարտությունում ուզում է ստանալ Պեկինի լուրջ աջակցությունը:

Մինչդեռ փորձագետները, այդ թվում՝ ռուսաստանցի, շեշտում են, որ իրականում կարելի է խոսել Միացյալ Նահանգներ-Չինաստան հակամարտության մասին, իսկ Ռուսաստանը իր համար որոշել է, որ այս գլոբալ հակամարտությունում լինելու է Չինաստանի կողքին։ Եվրոպացի փորձագետները նաև ահազանգում են, որ Պեկինի և Մոսկվայի այս նոր բարեկամությունը չի կարող չանհանգստացնել Արևմուտքին, թեկուզ միայն այն պատճառով, որ աննախադեպ խորանում է նաև ռուս-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG