Վաղը Բաքու կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով:
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Հայաստան:
Ավելի վաղ` հունվարի վերջին, Անն Լինդեն ղարաբաղյան խնդրի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպարտամենտը հաղորդել էր, որ կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են` ինչպես ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել հակամարտության տևական և կայուն կարգավորման: