Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները վաղը կհանդիպեն նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիրները նախագահից պահանջում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարան։
«Առաջարկում եմ բոլորի անունից դիմել նախագահին, որ պարոն նախագահ, Դուք ունենք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար: Դուք պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին և մինչև երկուշաբթի օրը շատ հստակ դիել Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը», - ասաց Սաղաթելյանը:
Բաղրամյան պողոտան արդեն 10-րդ օրը փակ պահող ընդդիմադիրները հայտարարում են՝ նախագահը մինչև երկուշաբթի ժամանակ ունի որոշում կայացնելու համար։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը Գլխավոր շտաբի պետին հորդորում է իր տեղում պինդ կանգնած մնալ. «Դա պաշտոնի կռիվ չէ: Դա բանակի պահպանության, մեր պետականությունը պահելու համար է, հետևաբար, Օնիկ Գասպարյանը չպետք է ենթարկվի ապօրինի հրահանգների, մնա իր տեղում կանգնած՝ հանուն բանակի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, անուն մեր պետականության»:
Ընդդիմադիրների հանրահավաքը եզրափակեց նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա խոսեց նախագահի հետ վաղվա հանդիպմանն իրենց անելիքների մասին։
«Մենք իրեն կհանդիպենք, էլի կհամոզենք, բայց ո՞նց կարելի է րոպեն մեկ տարբեր պաշտոնյաներին համոզել, որ իրենք կատարեն իրենց պարտքը, որը պարտավոր են կատարել, պահանջելու ենք և ինքը պետք է կատարի այդ պարտքը: Այն դեպքում, եթե չի կատարում այդ պարտքը, Շուշիի անկումն իր խղճի վրա է», - հայտարարեց Մանուկյանը:
Հանրահավաքին հաջորդեց երթը, որն անցավ նախագահականի, կառավարական առանձնատների, ինչպես նաև կառավարության շենքի կողքով: