Մատչելիության հղումներ

Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. առաջարկվում է վերանորոգել Կապան-Տաթև ճանապարհը


Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն, այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման նախարարը: «Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք», - նշեց Սուրեն Պապիկյանը:

Սահմանային փոփոխություններից հետո Սյունիքի ճանապարհների որոշ հատվածներ անցել են Ադրբեջանին. Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ավելի քան 20 կիլոմետրանոց հատվածից բացի, Ադրբեջանին է անցել Կապան-Ագարակ ճանապարհը, իսկ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ ու էլի մի քանի գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհի 4 կիլոմետրն ադրբեջանական հսկողության տակ է:

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի փոխանցմամբ` ինքն առաջարկել է այս տարի ամբողջությամբ նորոգել Կապան-Տաթև 42 կիլոմետրանոց ճանապարհը, որից միայն 12 կիլոմետրն էր նորոգված. «Թեկուզ իրենք նախատեսել էին 21 թվականին վերանորոգել 17.5 կմ ճանապարհահատված, բայց մենք առաջ քաշեցինք, որ տվյալ նոր իրավիճակով պայմանավորված` վերանորոգեք միանգամից 30 կիլոմետրը»:

Կապան-Տաթև ճանապարհը հնարավորություն կտա շրջանցել Կապան-Գորիս մայրուղին: Սյունիքի մարզպետը, սակայն, շեշտում է` միջպետական մայրուղին էլ պետք է ակտիվ երթևեկելի մնա. «Հենց չվերացնենք այդ ճանապարհը, էն մեկը սարքում ենք, էն մեկովը չգնանք, տենց բան չկա»:

Կապան-Ագարակ` Ադրբեջանին անցած միջհամայնքային ճանապարհի փոխարեն կնորոգվի անտառային շրջանցիկ ճամփան, որով այժմ դժվարությամբ երթևեկում են Եղվարդի, Ուժանիսի, Ագարակի բնակիչները: Կապանից Ճակատեն նոր շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու, սակայն քաղաքապետ Փարսյանը շեշտում է` լավ կլինի, որ այդ շրջանցիկը ձգվի մինչև գոնե Շիկահող. «Դա այդքան էլ հարմար չէ կամ խելացի չէ, նպատակահարմար չէ միայն Կապան-Ճակատենի հատվածը այլընտրանքային ճանապարհահատված կառուցելը, բայց պետք է կոնկրետ Կապան-Շիկահող տանող ճանապարհահատվածի այլընտրանքային տարբերակ մշակել»:

Սյունիքի ճանապարհներին այժմ հայ, ռուս ու ադրբեջանցի սահմանապահներն են իրենց դիտակետերով: Ադրբեջանական կողմը իրենց վերահսկողության տակ անցած հատվածները լցրել է զանազան տեղանուններով, «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներով: Սյունեցիները պարբերաբար ահազանգում են նաև անկանոն կրակոցների ու ճանապարհների երկայնքով զբոսնող զինված ադրբեջանցիների մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն է տարածել այս թեմայով. «Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

Ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ լրջորեն վտանգած են դրանք (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը»:

Սյունիքի համայնքապետերը բազմիցս են շեշտել զինված ադրբեջանցիները` պետք է գտնվեն ճանապարհի դիտարկման որոշակի հեռավորության վրա, հակառակ դեպքում լուրջ միջադեպերի ռիսկ միշտ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG