Մատչելիության հղումներ

«Խծաբերդում չեք եղե՞լ». 10-ամյա Քնարան ուզում էր իր գյուղը բոլորին ցույց տալ


10-ամյա Քնարա Հայրապետյանն արդեն 5 ամիս է քրոջ, տատիկի ու պապիկի հետ Գորիսի հյուրանոցներից մեկում է ապրում։ Հադրութի Խծաբերդից է։

«Մի օր գյուղապետը էկավ, թե սաղդ դուրս էկեք, կռիվը սկսել ա, ու պըտի սաղդ գնաք։ Թուրքերը արդեն գալիս են Խծաբերդ։ Էդպես պապաս մեզ հավաքեց, էկանք ստեղ ու մնացինք ստեղ երկար ժամանակ։ Բայց մամաս, պապաս ընտեղ էին։ Հետո մի անգամ էլ ասեցին, Հադրութի շրջանը, Խծաբերդն էլ տվեցին թուրքերին։ Մեզ էլ հող չմնաց, սաղ տվել էին», - ասում է Քնարան։

Նա իրեն հանդիպած բոլոր անցորդներին հարցնում է Խծաբերդում չե՞ք եղել ու պատմում է․ - «Ընդեղ շատ լավ էր։ Ես շատ եմ կարոտել մեր Խծաբերդը, ուզեցել եմ գնամ, բայց չեն թողում։ Ասում են, որ թուրքերը ընտեղ են, որ գնաք, կարող են ձեզ վնասել»։

Քնարայի ծնողները Գորիսում տուն են վարձել, բայց դեռ պայմաններ չկան, որպեսզի երեխաներին տանեն։ Պատերազմից հետո Գորիսը շուրջ 11 հազար արցախցիների է ընդունել հյուրանոցներում , մանկապարտեզներում, սպորտդպրոցներում։

Արցախ է վերադարձել նրանց կեսից ավելին, ասումէ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը․ - «Մենք նախորդ շաբաթ ենք ամփոփել վերջնական թվերը՝ 4618 քաղաքացի ունենք։ Եվ զարմանալիորեն, նախորդ ամիսների համեմատ հազարով ավելացել է, երբ որ մենք ենթադրում էինք, որ գնալով այդ թիվը պետք է նվազի»։

Յոլյանի տպավորությամբ, ովքեր Արցախում տուն են կորցրել, գերադասում են գոնե Սյունիքում, Արցախին մոտ ապրել։ Խնձորեսկից մեր Խծաբերդի սարերը երևում են, Սյունիքիում մնալու իրենց ցանկությունն են հիմնավորում Քնարայի տատիկն ու պապիկը։

«Մեկ ա, մենք Հայաստանը չենք լքելու։ Մենք ոչ Ռուսաստան գնացող ենք, ոչ Ամերիկա։ Մեր տեղը Ղարաբաղն ա, վերջին տեղն էլ Զանգեզուրը», - հավելեց պապիկը՝ Միշա Հայրապետյանը։

Նա միայն շատ-շատ ափսոսում է տունը, որ թողել է Խծաբերդում․ - «Ես հալալ քրտնքովս տուն եմ սարքել, նոր տուն, քաղաքատիպ, որ պիտի ապրեինք․․․ էն էլ մնաց թուրքերին։ Ես էլ 72 տարեկանումն եմ, ես էլ կկարա՞մ քարը քարի վրա դնեմ, տուն սարքեմ, հետո մեջին վայելեմ, ապրեմ․․․ Մինչև տունը սարքելը արդեն կգնամ հանգստարան»։

Նա հույս չունի, թե կառավարությունն իրենց 4 պատ կտա, հասկանում է ՝ զոհվածների ընտանիքներ, վիրավորներ, բազմանդամ ընտանքիներ ու երեխաներ, մինչև հերթն իրենց հասնի ... մի խոսքով՝ ակնկալիք չունի։

Բայց կինը խռոված է Հադրութի ու բոլոր կորուստներից հետո․ - «Ամեն օր լաց եմ լինում, չեմ կարըմ կենամ ստեղ․․․ Էնքան ապրուստս, էնքան տոնս-տեղս թողալ եմ էկալ»։

Սիրտդ պինդ պահի, կնոջը հորդորում է Միշա Հայրապետյանը։ Այդպիսի մի հորդորի կարիք ինքն է զգում, երբ մտածում է, որ շուտով օրերը կտաքանան, ադրբեջանցիներն իրենց հոտը կքշեն դեպի Խծաբերդի արոտավայրեր, իրենց տներն էլ ՝ հարմար ամառանոցներ։

Այս պատերազմի հետևանքով արցախի 123 բնակավայրեր անցան Ադրբեջանին, ավելի քան 30 հազար մարդ տուն ու բնակավայր կորցրեց։
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալով, վերջին ամիսներին Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի շարունակում է սպասել Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Քնարան անընդհատ Խծաբերդ է ուզում, թեպետ Գորիսի իր նոր դասարանում 22 դասընկեր ունի, Խծաբերդի դպրոցում երկու աշակերտով էին ու օտար լեզվի ուսուցիչ չունեին։ Շուտով այդ բացը կլրացնի, Գորիսում կամավորներից մեկը խոստացել է Քնարայի հետ առանձին պարապել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG