Մատչելիության հղումներ

«Կուզենք իմանալ` ով է գործի հեղինակը, ով է ռուսին խրատ տվել», ասում է Գյումրիում սպանված կնոջ դուստրը


2 տարի առաջ գյումրեցի կնոջը դաժանորեն ծեծելու ու նրան մահվան հասցնելու համար մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դատավարությունն այսօր ևս հեռավար անցավ. ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևն իր փաստաբանի հետ ռուսական 102-րդ ռազմաբազայից տեսակապով էր մասնակցում նիստին, իսկ դատավարության մյուս մասնակիցները` դատարանի դահլիճից:

Հանրությանը ցնցած այս գործի բուն քննությունը այդպես էլ չի մեկնարկել, թեև արդեն մեկ տարուց ավելի է` դատարանում է։ Նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են՝ հիմնականում ռուսական ռազմաբազայի միջնորդությամբ։ Այսօրվանը ևս հետաձգվեց՝ թարգմանություններից մեկի վրա կնիքի բացակայության պատճառով։ Հասցրեցին միայն կողմերին իրենց իրավունքները ներկայացնել:

Դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչների կարծիքով՝ ռազմաբազայի հրամանատարությունը խոչընդոտում է արդար դատաքննության անցկացմանը՝ անընդհատ միջնորդելով հետաձգել նիստերը. նախ հրաժարվում էին զինծառայողին դատարան բերել, հետո էլ նրա անվտանգության համար գրավոր երաշխիքներ պահանջեցին։ Մահացածի դուստրը՝ Անահիտը ևս չի հասկանում, թե ինչու նիստերը չեն կայանում. «Ամեն անգամ այս նիստը կամ կհետաձգվի, կորոնան լավ էր, որ մեջ ընկավ, հիմա էլ կամպյուտերային միջոցներով կենենք դառը, որ կյանքում ըսպես բան ոչ լսել էինք, ոչ էլ տեսել էինք, կորոնա է, թող հեչ մարդ չգա դատարան, մենակ էտ ռուսի վրա կազդի՞: Մենք ի՞նչ գիտենք` ինքը բազայից կխոսա, թե իրա տնից, թե որտեղից: Մեր ցավն էն է, որ կուզենք իմանանք` ով է գործի հեղինակը, ով է ռուսին խրատ տվել, ով է դրդել էս քայլին, մորս հետ ի՞նչ գործ ուներ, ինչըղ որ կանխամտածված սպանություն լիներ, մինչև օրս էլ չի բացահայտվել էս գործը: Ամեն անգամ ինչըղ որ ժամանակ շահեն ուղղակի, ուղղակի ես դատարանից ավել բան չեմ պահանջի, կուզեմ իմ մամայիս իսկական սպանողը բացահայտվի, ուրիշ բան չէ, որ թազա դատավարություն չլինի հետո»:

Անահիտն ասում է, որ նախաքննության ընթացքում իրեն մի տեսանյութ են ցուցադրել. «Ինչ-որ մեկը էտտեղ պատի տակը կանգնած էր, մամաս գլուխը կախ, իրա համար կգնա աշխատանքի ժամը 7-ին, ինչ-որ մեկը ետևից 2 քայլ կերթա, ու կամեռան անջատեցին, էլ բան ցույց չտվեցին, ասին, որ ռուսն է, բայց ով կա ռուսի հետևը կանգնած, ես չգիտեմ, ես ամեն առավոտ վախով, ահ ու սարսափով կերթամ աշխատանքի»:

Այս գործով արդեն երրորդ նիստն է, որ հեռավար է անցկացվում, սակայն նախորդ երկուսը ևս չէին կայացել։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդում է, որ հեռավար կարգ սահմանված է վկայի ու տուժողի համար, բայց ոչ ամբաստանյալի. «Քրեական դատավարությունը նման կարգ չի նախատեսում, դատարանը հղում է կատարում Բարձրագույն դատական խորհրդի մի որոշման, որը ըստ էության չի կարող կապ ունենալ քրեական դատավարության հետ, և դատարանի մեկնաբանությունը նա է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել: Հեռավար կարգ քրեական դատավարությունը նախատեսում է վկաների, տուժողների դեպքում հատուկ, համապատասխան հոդվածներով, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի»:

Պատրաստվո՞ւմ են արդյոք վիճարկել նիստերը հեռավար անցկացնելու մասին դատավորի կայացրած որոշումը:

«Մենք մեր դիրքորոշումը մի քանի անգամ արդեն իսկ հայտնել ենք` կապված նախկինում ամբաստանյալի փաստաբանի միջնորդությամբ, բազայի գրության հետ, բայց այնուամենայնիվ որոշումից հետո մենք մեր դիրքորոշումը կարծում եմ, որ ավելի հստակ կներկայացնենք», ասաց Զալյանը:

Փաստաբանը չի բացառում, որ մի օր էլ դատարանը կարող է որոշում կայացնել ու նիստը ռազմաբազա տեղափոխել. «Տենց կարգ կիրառելու երևի թե ամեն ինչ հնարավոր է»:

Այսօրվա դատական նիստին լրագրողները չկարողացան հետևել, թույլատրվեց տեսանկարահանել նիստի առաջին տասը րոպեն, ընդ որում 25-ամյա զինծառայողը դատարանին միջնորդել էր, որ իրեն չտեսանկարահանեն: Ու մինչ գործի քննությունն անընդհատ հետաձգվում է, Ջուլիետա Ղուկասյանի 84-ամյա մայրը ցանկանում է ստանալ մեկ հարցի պատասխան՝ ինչո՞ւ է իր դուստրը, որը նույնիսկ չէր ճանաչում ռուս զինծառայողին, դաժան ծեծի ենթարկվել ու մահացել:

XS
SM
MD
LG