Մատչելիության հղումներ

Freedom House-ը շեշտում է՝ պատերազմի հետևանքները փշրեցին բարեփոխումների հույսերը Հայաստանում


Պատերազմի հետևանքները փշրեցին բարեփոխումների հույսերը Հայաստանում, որը Լեռնային Ղարաբաղում բախվեց ադրբեջանական ռեժիմի հետ։ Բռնապետական պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը, որը ժողովորդավարական նորմերի համաշխարհային քայքայման ախտանիշներից է, արձանագրվեց նաև Լեռնային Ղարաբաղում անցյա տարի, փաստում է հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին իր տարեկան զեկույցում։

Անցյալ տարի Freedom House-ը Հայաստանում ժողովրդավարացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրել, այս տարի կառույցը փորձում է ցույց տալ, թե ինչպես է պատերազմը վտանգում ժողովրդավարությունը՝ որպես օրինակ բերելով Հայաստանը, նկարագրելով Ալիևի ռեժիմի սանձազերծած պատերազմի բացասական հետևանքները Հայաստանում ժողովրդավարական զարգացումների վրա։

Freedom House-ը շեշտում է, որ առհասարակ աշխարհում ավտորիտար կառավարման ընդլայնումը շոշափելի ազդեցություն է ունեցել մարդու կյանքի և անվտանգության վրա, այդ թվում՝ քաղաքական վեճերը ռազմական ճանապարհով լուծելու հաճախակի դարձած դեպքերը։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ անցյալ տարի Ադրբեջանի առաջնորդը իր բռնապետ հարևան Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում՝ ապակայունացնելով տարածաշրջանը։ Զեկույցի հեղինակները նկատում են, որ պատերազմը դադարեցնելու հարցում բացակայում էր միջազգային մասնակցությունը․ - «Պատերազմը դադարեց Մոսկվայի խաղաղապահ առաքելության միջոցով, որն ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, սակայն անպատասխան թողեց բազմաթիվ հարցեր», - փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը։

«Հակամարտությունը նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը ամրապնդելուց բացի նաև սպառնում է ապայակունացնել Հայաստանի կառավարությունը, վտանգում 2018 թվականից ի վեր ժողովրդավարության ոլորտում գրանցված ձեռքբերումները», որոնց արդյունքում, ինչպես հիշեցնում է իրավապաշտպան կառույցը, Հայաստանում հաստատվել էր բարեփոխումների տրամադրված կառավարություն։ «Պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան, սակայն, բուռն արձագանք հարուցեց ընդդիմախոսների շրջանում, որոնք անցյալ նոյեմբերին հարձակվեցին խորհրդարանի շենքի և խորհրդարանի խոսնակի վրա», - ասվում է զեկույցում։ «Նման անկարգությունները սպառնում են երկրի դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին և կարող են այնպիսի իրադարձությունների շղթա հրահրել, որոնք Հայաստանը կմոտեցնի բռնապետական միտումներ ունեցող իր հարևաններին։

«Ազատությունն աշխարհում-2021» զեկույցի վարկանիշային աղյուսակում Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների թվին՝ վաստակելով 55 միավոր հնարավոր 100-ից։ Տարածաշրջանում իր ցուցանիշներով Հայաստանը գերազանցում է անազատ Ադրբեջանին, սակայն զիջում է մասամբ ազատ մյուս հարևանին՝ Վրաստանին։

Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, որն ընդամենը 10 միավոր է վաստակել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների չափման գործընթացներում, Լեռնային Ղարաբաղը կազմակերպության կողմից գնահատվել է մասամբ ազատ՝ վաստակելով 35 միավոր։

Անդրադառնալով աշխարհում ազատությունների մակարդակին՝ Freedom House-ը շեշտում է, որ 2006 թվականից ի վեր ոչ ազատ երկրների թիվը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, հետընթաց են արձանագրել աշխարհի ավելի քան յոթ տասնյակ երկրներ , որոնց բաժին է հասնում մոլորակի բնակչության շուրջ 75 տոկոսը:

XS
SM
MD
LG