Մատչելիության հղումներ

Freedom House. Վերջին երկու տարում Հայաստանը ժողովրդավարացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրել


«Լուրջ առաջընթաց նախևառաջ կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրությունների ոլորտներում». - այսպես են գնահատում արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները Հայաստանի իշխանությունների հետհեղափոխական ձեռքբերումները:

Այդ մասին Freedom House-ի մասնագետները նշում են այսօր հրապարակված ամենամյա զեկույցում, որը նվիրված է անցումային շրջանում գտնվող արևելաեվրոպական և հետխորհրդային 29 երկրներում տիրող կացությանը:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանը 2018-ից 2020 թվականներին դիտարկվող երեք տասնյակ պետությունների շրջանում ժողովրդավարացման տեմպերի առումով ամենամեծ առաջընթացն է արձանագրել:

«Այս տարի Հայաստանը զեկույցի հրապարակման պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել», - նշում են Freedom House-ի փորձագետները` հավելելով, սակայն, որ երկրում մտահոգության տեղիք տվող հիմնախնդիրներ ևս առկա են: Խոսքը, ըստ զեկույցի հեղինակների, դատական ոլորտի շուրջ ծավալվող զարգացումների մասին է:

Freedom House-ի փորձագետները հրապարակված զեկույցում նախևառաջ հարկ են համարում անդրադառնալ քաղաքական այն իրավիճակին, որ ստեղծվել էր Հայաստանում 2018 թվականի հեղափոխությանը անմիջականորեն նախորդող ժամանակահատվածում:

«Նախագահական ժամկետի ավարտից հետո ընդլայնված լիազորություններով օժտված վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի փորձը հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների: Քաղաքացիները խորապես հիասթափված էին հայաստանյան տնտեսության ստագնացիայից և ակնհայտ ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգի գոյությունից: Ի վերջո, Սերժ Սարգսյանը 2018 թվականին ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Նրան փոխարինելու եկավ նոր կառավարությունը, որը նախկին իշխող կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում ջախջախելուց հետո ձեռնամուխ եղավ նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանը», - նշում են Freedom House-ի մասնագետները:

Զեկույցի հեղինակների համոզմամբ, ի դեպ, այսօր հետխորհրդային տարածքում երկու պետություն գոյություն ունի, որտեղ անցումը կառավարման ժողովրդավարական համակարգին գրեթե նույնատիպ խնդիրների է բախվում` Հայաստանը և Ուկրաինան:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կբախվեն վստահության ամրապնդման, իրենց հետ կապվող հույսերը արդարացնելու, [կառավարման] կոռումպացված համակարգերն առանց ժողովրդավարական նորմերի ոտնահարման վերակառուցելու դժվարին մարտահրավերներին», - նշում են ամերիկացի փորձագետները:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև ծառացած առավել տեղային բնույթի խնդիրներին` Freedom House-ի մասնագետներ հատուկ կանգ են առնում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալված վեճի վրա: Ամուլսարի ճակատագիրը, ըստ զեկույցի հեղինակների, «Հայաստանի վարչապետի համար գլխացավանք է դարձել»:

«Փաշինյանը այս խնդիրը ժառանգել է նախորդ կոռումպացված վարչակազմից: Ակտիվիստներն ամիսներ շարունակ արգելափակված են պահում հանքավայր տանող ճանապարհները:Նրանց խոսքով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս ծրագրի իրագործմանը, ապա կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, որոնց ինքը հեռացրել է իշխանությունից», - ասված է զեկույցում:

Ի դեպ, զեկույցի հեղինակները չեն սահմանափակվում դիտարկվող պետություններում, այդ թվում Հայաստանում տիրող կացության նկարագրությամբ, այլև հստակ խորհուրդներ են ուղղում արևմտյան կառավարություններին` ընդգծելով, թե իրենց համոզմամբ ինչ է հարկավոր անել դիտարկվող պետություններում ժողովրդավարական գործընթացները խթանելու համար:

«Ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքները երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունը պետք է դառնան: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն պետություններին, որոնց կառավարման համակարգը լուրջ փոփոխության փուլում է գտնվում` մասնավորաբար Հայաստանին և Ուկրաինային», - նշված է զեկույցում:

«Հայաստանում հարկավոր է լուրջ ներդրումներ իրականացնել օրենքի գերակայությունն ու անկախ հաստատություններին աջակցություն ապահովելու նպատակով: Խոսքը մասնավորաբար դատական համակարգի և ոստիկանության համապարփակ բարեփոխումների մասին է», - նշում են Freedom House-ի փորձագետները՝ հավելելով. - «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքը քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու շուրջ համազգային կոնսենսուսի առկայությունն էր»:

«Դա պատմական հնարավորություն է ստեղծում ժողովրդավարության աջակիցների համար թե՛ երկրի ներսում և թե՛ դրա սահմաններից դուրս: Թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Եվրամիությունը մեծացրել են [Հայաստանից ցուցաբերվող աջակցությունը], բայց նրանց ծրագրերը պետք է միտված լինեն նախևառաջ սոցիալական համերաշխության ամրապնդմանն ու քաղաքական բևեռացվածության հաղթահարմանը: Այս մարտահրավերների հաղթահարումը կարող է առանցքային նշանակություն ունենալ մյուս բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների հաջողության համար», - համոզված են Freedom House-ի ամենամյա զեկույցի հեղինակները:

XS
SM
MD
LG