Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը։ Նման գնահատական է տալիս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը աշխարհում - 2020» զեկուցում, որը հրապարակվել է այսօր:
Հեղինակավոր կազմակերպության զեկույցի Հայաստանին վերաբերող մասում ներկայացվում են բացառապես Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժերը։
Ինչպես նշված է զեկույցում, շնորհիվ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների «2019 թվականի սեպտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղի տարածքում կար մրցակցության և քաղհասարակության ակտիվության աճ, նաև հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում այլ փոփոխությունների»։
Զեկույցի հեղինակները միևնույն ժամանակ փաստում են, որ հակառակ պատկերն է Եվրասիական տարածաշրջանի մյուս անջատված տարածքներում: «Եվրասիայի տարածաշրջանի մյուս անջատված տարածքները, որոնք օկուպացված են Ռուսաստանի զորքերի կողմից, շարունակում են մնալ լճացած, այստեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել», - համեմատում են Freedom House-ի իրավապաշտպանները։
Կառույցի վարկանիշային աղյուսակում թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը դասվում են մասամբ ազատ երկրների թվին։ Տարածաշրջանում չճանաչված պետությունների ցանկում Լեռնային Ղարաբաղից բացի մասամբ ազատ է գնահատվում նաև Աբխազիան։ Հայաստանը իր ցուցանիշներով գերազանցում է անազատ Ադրբեջանին, սակայն զիջում մասամբ ազատ մյուս հարևանին՝ Վրաստանին։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ հիմնականում անազատ Եվրասիական տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով մռայլ պատկեր է հիշեցնում, նկատելով, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում իշխող ուժերը ճնշումների գնով պահպանում են իշխանությունը, Մոլդովայում բարեփոխումները մեկնարկել, սակայն ավարտին չեն հասցվել։
Տարածաշրջանի միակ դրական տեղաշարժերը նկատելի են Հայաստանում և Ուկրաինայում, փաստում է Freedom House-ը: Նոր առաջնորդները, ովքեր իշխանության են եկել համակարգային բարեփոխումների խոստումներով՝ Հայաստանում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայում` նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայում` Մայա Սանդուն, առաջին քայլերն են նախաձեռնել կաշառակեր ուժերին արմատախիլ անելու ուղղությամբ, որոնք վաղուց խոչընդոտում էին իրենց երկրներում ժողովրդավարական ձգտումներին:
Ամենամյա զեկույցում, որը Freedom House-ը հրապարակում է 1995 թվականից ի վեր, կազմակերպության փորձագետները շեշտում են, որ ժողովրդավարությունը բախվում է լրջագույն խոչընդոտների ամբողջ աշխարհում։ Հետընթացը նկատելի է ոչ միայն Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում, այլ նաև ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթաց են արձանագրել Թուրքիան, Բուրունդին, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը:
Զեկույցի հեղինակներն, ի դեպ, չեն շրջանցել Ադրբեջանում տեղի ունեցած և ոչ մի ներքաղաքական իրադարձություն, որ ուղեկցվել է իշխանությունների կոշտ ճնշումներով: Չնկատելով որևէ դրական բարեփոխում, որի մասին պնդում է Իլհամ Ալիևի վարչակազմը, Freedom House-ը փոխարենը թվարկում է ընդդիմադիր կուսակցությունների, գործիչների, ակտիվիստների, լրագրողների, կանանց իրավունքների պաշտպանների, ընդհուպ՝ արվեստագետների նկատմամբ հաշվեհարդարի տեսակները, որոնք իրականացնում է Ալիևի ռեժիմը:
Ազատության վատթարագույն մակարդակը պահպանվում է Սիրիայում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում։
Դիտարկված 195 երկրների շարքում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան:
Կառույցը կոշտ քննադատության է ենթարկում մասնավորապես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ պնդելով, որ Սպիտակ տան ղեկավարը «չի կարողացել արտաքին քաղաքականությունում հետևողական հավատարմություն դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների նկատմամբ»: Զեկույցի հեղինակները նշում են, որ Թրամփը բարյացկամ է վերաբերվում բռնապետ առաջնորդներին՝ այդ թվում Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ունին՝ հույս ունենալով դիվանագիտական մոտեցում գտնել։