Մատչելիության հղումներ

Մարուքյանը Միրզոյանին մեղադրում է պարտականությունները չկատարելու մեջ, ԱԺ նախագահը հակադարձում է


«Լուսավոր Հայաստան» ընդդիամդիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրում է իր պարտականությունները չկատարելու մեջ։

Մարուքյանն Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ Միրզոյանց պահանջեց կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ հրաժարական տալ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախաձեռնել երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և ռազմական դրությունը չեղարկելու համար։ Արտահերթի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովի խորհուրդը հաստատի օրակարգը։ Սակայն խորհրդի նիստը երկու անգամ տապալվեց, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և խորհրդի անդամ իշխանական մյուս պատգամավորները նիստին չներկայացան։

Մարուքյան այսօր հայտարարեց․ - «Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի և չկայանա, ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, ապա Դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք նիստը, իրազեկեիք մեզ որպես ԱԺ նախագահ։ Դուք Ձեր պարտականությունները չեք կատարում, երկրորդը՝ ես չեմ տեսնում Ձեր դերակատարումը էս երկրում ստեղծված ճգնաժամի համատեքստում Ձեր անելիքների հետ կապված։ Կամ Դուք պետք է ներողություն խնդրեք ազգային ժողովի մեկ հինգերորդից որ արհամարհել եք, կամ պետք է հրաժարական տաք, Դուք Ձեր առաքելությունը չեք իրականացնում»։

Միրզոյանն էլ հակադարձեց՝ պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով, իսկ չներկայանալն իր իրավունքներից մեկն է։

ԱԺ նախագահը խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավորին՝ «անկեղծ ջանք գործադրել՝ իրավիճակի հանգուցալուծման համար։ Ես չեմ կարծում, որ Ձեր հնչեցրած առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ մի փոքր բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»։

XS
SM
MD
LG