Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի խորհրդի ժամը 11-ի նիստը չկայացավ, ԱԺ նախագահը չէր եկել


Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը նշանակված էր այսօր ժամը 11։00-ին, չկայացավ։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացրեց՝ Ազգային ժողովի նախագահը չկար։ «ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց նիստը», ասաց Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այս քայլը Ազգային ժողովի երկու խմբակցությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք որակեց։

«Ազգային ժողովի նախագահը պարտավոր էր Ազգային ժողովի բնականոն աշխատանքներն ապահովել և չի ապահովում հիմա։ Նա Սահմանադրությամբ երկրորդ, թող լինի երրորդ պաշտոնյան է, նա, ըստ էության, գոյություն չունի, քաղաքական իմաստով գոյություն չունի, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով երկրում։ Նա ոչ մի քայլ չի անում և չի կարող անել, ոնց հասկանում եմ, որ ինչ-որ բան թուլանա, մեղմվի, ինչ-որ լարում մտնքի քաղաքական հուն։ ԱԺ խմբակցությունները նախաձեռնել են այս նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ», - ասաց Մարուքյանը՝ եզրափակելով․ - «Ազգային ժողովը չունի նախագահ, ոչ որպես բնականոն գործառույթներ ապահովող, ոչ էլ որպես երկրի թիվ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձ»​։

Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմադիր խմբակցությունների երեկվա փորձը ևս ձախողվել էր, չնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» հավաքել էին անհրաժեշտ թվով ստորագրությունները․ արտահերթի մասին որոշում ընդունող Ազգային ժողովի խորհրդի նիստը չէր կայացել։

Խորհրդարանական երկու ուժերը ցանկանում էին արտահերթ նիստ հրավիրել՝ ստեղված իրավիճակը քննարկելու ու ելքեր փնտրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG