Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը խիստ դատապարտելի է համարում Բաղրամյան պողոտայում մահապատժի բեմականացումը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դատապարտելի է համարում ուրբաթ օրը Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

«Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար», - իր հաղորդագրությունում ընդգծում է Հայաստանի օմբուդսմենը՝ շարունակելով․ - «Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որևէ պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին»։

Երևանի Բաղրամյան պողոտայում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում, երեկ տղամարդու և կնոջ մահապատիժ էր բեմականացվել, ինչը սոցցանցերում բուռն քննարկումների առարկա է դարձել։

«Հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ։ Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում», - շեշտում է Թաթոյանը։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ» վերնագրված հաղորդագրությունում օմբուդսմենը նշում է նաև, որ մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

«Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում: Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ», - ասված է հաղորդագրությունում։

Թաթոյանը մտահոգիչ է համարում, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն, նշում է օմբուդսմենը և շեշտում․ - «Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա: Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ «խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է», սակայն «այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ»: «Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում», - նշված է հաղորդագրությունում։

«Վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ», - նշում է օմբուդսմենը։

«Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում», - ասված է Արման Թաթոյանի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG