Մատչելիության հղումներ

Պասկևիչյանի համոզմամբ՝ պետք չէր Մարտի 1-ի գործի բացահայտումը սկսել Քոչարյանից


Լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը լուրջ չի վերաբերվում Մարտի 1-ի դատական գործընթացին, ավելին՝ Պասկևիչյանը այդ գործի բացահայտման անգամ փոքր նշույլ չի տեսնում։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հրապարակախոսն ընդգծեց՝ պետք չէր գործի բացահայտումը սկսել Ռոբերտ Քոչարյանից։

Պասկևիչյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Մարտի 1-ի տարելիցն է մի քանի օրից, պարոն Պասկևիչյան, դատական այս գործընթացին ի՞նչ բնորոշում կտայիք, դատավարություն դժվար է ացվանել, դեռ նախապատրաստական փուլն է տարիուկես։

Տիգրան Պասկևիչյան․ - Լուրջ չեմ վերաբերվում էդ դատական գործընթացին, և ընդհանրապես Մարտի 1-ի բացահայտման անգամ փոքր նշույլ չեմ տեսնում դրա մեջ, միշտ դրա մասին խոսել եմ և միշտ էն կարծիքին եմ եղել, որ պետք չէր էդ հարցը սկսել Ռոբերտ Քոչարյանից, պետք էր սկսել ներքևից և բարձրանալ դեպի Ռոբերտ Քոչարյան։ Ժողովրդի հետ, որ խոսում ես, սա պարզապես ընկալվում է որպես Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ։

Տիգրան Պասկևիչյան․ - Ոչ մի միտում հարցը հասարակայնորեն, սոցիալապես բացահայտելու, բովանդակություն հաղորդելու այդ հարցի բացահայտմանը ես չեմ տեսնում։

«Ազատություն»․ - Իսկ եթե հակառակ կողմից նայենք, որ ժողովրդի տրամաբանությամբ հայտնի է հրաման տվողը, մնացածն արդեն կատարողներ են՝ դերակատարներ։

Տիգրան Պասկևիչյան․ - Ես կարծում եմ, որ հրաման տվողը հրաման տվեց որովհետև ուներ հրաման տալու նպաստավոր մթնոլորտ։ Այդ մթնոլորտն էր պետք բացահայտել։ Ես ուզում եմ բացահայտված տեսնել այն մարդկանց, ովքեր ուսանողների դեմ դուռ էին փակում, էն մարդկանց, ովքեր իրենց աշխատողին հեռացնում էին աշխատանքից միտինգ գնալու համար։ Էդ ամենն էր չէ՞, որ բերեց հասցրեց նրան, որ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո կրակելու հրաման տվեց, էդ ամենն էր, որ բերեց նրան, որ ինքը համարձակվեց ցրել միտինգը։ Ես չեմ ասում, որ N զորամասի կապիտան էսինչն ասում է, որ «ինձ հրաման են տվել, ես արել եմ», չէ, էդ ռազմական բանին դեռ պիտի հասնենք, այլ ընդհանուր մթնոլորտը մի հատ պիտի բացահայտենք, սկսած նույն 2007 թվի նոյեմբերից, թե ինչ արձագանք տվեցին իրենք՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին, թե ոնց պատրաստվեցին էդ ընտրակեղծիքները և այլն։ Էս ամբողջի մեջ պետք է դիտարկել, և, ավելի ասեմ, որ մի քանի տարի առաջ ինձ անընդհատ առաջարկում էին, ասում էին՝ «բեր ֆիլմդ [«Հայաստանի կորսված գարունը»] ցույց տանք, բայց երկրորդ մասը միայն ցույց տանք», որտեղ գնում է այդ բուն հետաքննությունը։ Ասում էի՝ «ոչ, ֆիլմը պետք է ցույց տալ ամբողջությամբ», որովհետև էդ ֆիլմի երկրորդ մասը հասկանալի և ընկալելի կարա լինի միայն առաջին մասը նայելուց հետո, երբ որ տեսնում ես, թե ընտրական պրոցեսում ինչեր են կատարվել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG