Սահմանադրական կարգը տապալելու և շուրջ երեք միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով մեղադրող դատախազները հայտարարում են՝ ամբաստանյալների պաշտպանները չարաշահում են իրենց իրավունքները՝ ձգձգելով մոտ երկու տարի առաջ սկսված դատավարությունը։ Այնպես են անում, որ գործը չմտնի հիմնական քննության փուլ, երբ դատարանում կհրապարակվեն մեղադրական եզրակացություններն ու ապացույցները։
Այսօրվա դատական նիստը ևս ձգձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով։
Նիստին ներկա չէր ամբաստանյալներից 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա դեռ անցած նիստին էր հայտարարել, որ մեկ այլ գործով դատական նիստի է մասնակցելու՝ խնդրելով այսօրվա դատական նիստը այլ օր նշանակել։ Դատավորն այսօր հայտարարեց՝ տեղեկացել է, որ Ալեքսանյանի նշած դատական նիստը չի կայացել, իսկ դա նշանակում է, որ փաստաբանը պետք է ներկա լիներ նիստին։
«Դատարանն արձանագրում է, որ այսօրվա դատական նիստը սկսել է ուշացումով՝ պարզելու համար, թե արդյոք հնարավորություն ունի Էրիկ Ալեքսանյանը ներկայանալ այսօրվա դատական նիստին: Հաշվի առնելով վերաքննիչ դատարանից Շենգավիթի նստավայր ներկայանալու համար անհրաժեշտ ժամանակը, Էրիկ Ալեքսանյանը կարող էր ժամը 13:20 րոպին գտնվել դատական նիստերի դահլիճում», - հայտարարեց դատավորը:
Գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհեց՝ պաշտպանները միտումնավոր ձգձգում են դատավարությունը:
«Մենք հնարավոր չենք համարում այսպես շարունակվելը, դրա համար միջնորդություն ունենք ներկայացրած: Մենք պնդում ենք մեր նախկինում ներկայացրած դիրքորոշումը՝ սա իրավունքի չարաշահում է, սա պետք է ավարտվի, սրան պետք է վերջ տրվի, և դատական քննությունը պետք է տեղի ունենա իր բնականոն հունով, պետք է տեղի ունենա դատաքննություն, պետք է հետազոտվեն ապացույցները: Ինչո՞ւ պաշտպանության կողմը շահագրգիռ չէ այդ հարցում, երևի իրենք ավելի լավ գիտեն, մենք էլ գիտենք, բայց երևի իրենք ավելի ճիշտ կանեն դրա մասին խոսեն», - ասաց Բաղդասարյանը:
Նախորդ դատական նիստերից մեկում հայտարարվել էր՝ դատախազները ևս միջնորդություն են ներկայացրել, որը սակայն, դեռևս չի քննվել: Այն վերաբերում է ամբաստանյալների պաշտպանների կողմից իրենց իրավունքների չարաշահմանը:
Այսօրվա դատական նիստին սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Գևորգյանը իր պաշտպանի բացակայության վերաբերյալ դիրքորոշում հատնելիս, բողոքելով դատավորից, ասաց, որ Դանիբեկյանի նման վարքագիծը նրան բացարկ հայտնելու նոր միջնորդության առիթ է տալիս: Հենց այս մասին է նաև մատնանշում մեղադրող դատախազ Բաղդասարյանը, երբ պնդում է, որ պաշտպանները չարաշահում են իրենց իրավունքները:
«Իրավունքի չարաշահում է այն իրավիճակ, երբ որ դու որևէ պատճառով դատարանին դիմում ես քո որևէ իրավունք իրացնելու համար, ստանում քեզ համար ոչ ցանկալի հետևանք և ներկայացնում ինքնաբացարկի միջնորդություն, հետո դատարանին ներկայացնում քո հաջորդ հարցը, ստանում նորից քեզ հակառակ դատավարական դիրքորոշում ու նորից ներկայացնում ինքնաբացարկի միջնորդություն: Դա իրավունքի չարաշահում է, որովհետև դատավարական դիրքորոշումների տարբերությունը սկզբունքորեն չի կարող դառնալ դատավորին վարույթից հեռացնելու հիմք: Դա նշանակում է, որ այդ դատավորին դու ինքնաբացարկ հայտնելու ես միշտ, քանի դեռ ինքը քո բոլոր միջնորդությունները չի բավարարում, իսկ այդպիսի արդար դատաքննություն որևէ տեղ գոյություն չունի», - նշեց դատախազը:
Մինչդեռ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը հակադարձում է՝ իրենք անօրինական ոչինչ չեն անում. «Քրեական դատավարության օրենսգրքում առհասարակ նման մեխանիզմ չկա, մենք չենք կարող խոսել վերացարկված մեխանիզմներով, վերացարկված գնահատականներով և դրանից էլ ակնկալել իբրև մի պատրանք ստեղծել կամ գնահատական տալ դրանով: Պաշտպանական կողմն այս ընթացքում բացառապես կատարել է իր իրավունքներից բխող գործողություններ, ներկայացրել է միջնորդություններ, որոնցից և ոչ մեկը նույն հիմքով չի ներկայացվել»:
Վարդևանյանը հիշեցրեց, որ մեկ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազների միջնորդությունը իրենց իրավունքները չարաշահելու վերաբերյալ։ Պաշտոնաթող նախագահի շահերը պաշտպանող Վարդևանյանը պնդում է՝ իրենք երբեք նույնանման միջնորդություններ չեն հրապարակել և երբեք դատավորին բացարկ չեն հայտնել նրա իսկ որոշումների համար։
«Մեր կողմից երբևէ բացարկ կայացված որոշման հետ համաձայն չլինելու համար չի ներկայացվել, դուք նման բացարկի միջնորդություն չեք տեսել, չեք էլ տեսնի: Ես ցավում եմ, որ դատախազությունը կարող է թույլ տալ իրեն նման մակարդակի մանիպուլյացիա և նման մակարդակի ոչ ճշմարիտ տեղեկության տրամադրում», - ասաց փաստաբանը:
«Ազատության» դիտարկմանը՝ երբ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր, և Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը նրան կալանքից ազատ արձակելու, նրանք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին այն մասով, որ դատավորն անաչառ և օբյեկտիվ չէ և չի կարող քննել այս գործը, Վարդևանյանն արձագանքեց. «Անաչառ և օբյեկտիվության հիմքերը եղել են ոչ թե պայմանավորված նրանով, որ խփանման միջոցի փոփոխման մեր միջնորդությունը չէր բավարարվել, այլ լրիվ այլ հիմքերով»:
Հաջորդ դատական նիստը մարտի 2-ին է։