Մատչելիության հղումներ

Ցուցարարները մտան համալսարան


Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների երթուղին այսօր բուհերով էր։ Նախ Երևանի պետական համալսարան մտան։

«Ուսանո՛ղ, միացի՛ր, ուսանո՛ղ, միացի՛ր», - ուսանողներին ու դասախոսներին կոչ արեցին միանալ «Հայրենիքի փրկության շարժմանը». «ԵՊՀ-ի արժանապատիվ դասախոսնե՛ր, արժանապատիվ ուսանողնե՛ր, դուրս եկեք, միացե՛ք»:

Ցուցարարներին հանդիպեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտպան Գեղամ Գևորգյանը։ Ասաց` Փաշինյանի կառավարության հրաժարականին կողմ է, բուհական ակցիաներին` դեմ. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել, հիմա դուք դա եք տապալում»:

Ցուցարարները երթով շարժվեցին Տնտեսագիտական համալսարան։ Այստեղ կրքերը թեժացան։ Ոստիկանները կողպել էին գլխավոր մուտքի դարպասները։ Ցուցարարներն առաջին փորձից չկարողացան ներս մտնել։ Մի քանիսը փորձեցին դարպասների ճաղավանդակներից այն կողմ անցնել, բայց բացել չհաջողվեց։ Քաշքշուկ սկսվեց նրանց ու դարպասը պաշտպանող ոստիկանների միջև։

Քիչ անց Տնտեսագիտականի դռներից մեկը բացվեց։ Ցուցարարները վանկարկումներով անցան միջանցքներով: Ռեկտորին տեսնել չհաջողվեց։ Լսարաններից մեկում հավաքված ուսանողներին կոչ արեցին միանալ շարժմանը և դուրս եկան շենքից. «Առանց Նիկոլ Հա-յաս-տան», - բացականչում էին նրանք:

Նոյեմբերյան հրադադարի հայտարարությունից հետո Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջին են միացել գիտակրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ` Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդը, մյուս բուհերից տասնյակ դասախոսներ։

Բուհերով ցուցարարների երթն այսօր այսքանով ավարտվեց։ Շարժման առաջնորդները վերջին հանրահավաքում հայտարարեցին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները լինելու են ամենօրյա։ Երեկոյան էլ Ազատության հրապարակում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպեց քաղաքացիներին: Վաղը ավտոերթով մարզեր են գնալու, որից հետո կհստակեցնեն անելիքները` երթեր, հանրահավաքներ, գուցե նաև նստացույց. «Մի հատ կհանդիպենք շրջանների հետ, հետո կվերադառնանք այստեղ, այստեղ երթեր էլ կլինեն, հանրահավաք էլ կանենք, կարող է պերմանենտ հանրահավաք անենք, մի օր էլ կարող է հանրահավաք լինի, նստենք ու ասենք, արդեն մի քիչ տաք լինի, գիշերն էլ մնանք, չնայած ինձ թվում է` մինչև այդ կքշենք իրեն»:

Հայաստանը պիտի եռա, պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ, վերջին հանրահավաքում հայտարարել էր Վազգեն Մանուկյանն ու շարունակել. «Բայց պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով իշխանությունը վերցնել»: Ի՞նչ է նշանակում կայծակնային ապստամբությունը, դա ինչպե՞ս են պատկերացնում: «Ես ինչ եմ պատկերացնում, դա իմ գործն է, ժողովուրդն ինչ է պատկերացնում, կտեսնենք: Բոլոր ապստամբություններն առաջանում են նույն ճանապարհով, ժողովուրդը դուրս է գալիս նույն պահանջով` տվյալ դեպքում Նիկոլի հրաժարականը, դուրս է գալիս պահանջով, դառնում է համազգային շարժումը, իշխանություններն մի հիմարություն անում են, իսկ մեր իշխանություններից դա այնքան մոտիկ է որ, հիմարություն են անում, ժողովուրդը զայրանում է, և շարժումը վերածվում է ապստամբության», - պարզաբանեց նա:

Ապստամբությունը «Հայրենիքի փրկության շարժումը» զենքո՞վ, թե՞ բաց ձեռքերով է նախատեսում և ե՞րբ է կյանքի կոչելու, հարցրինք Վազգեն Մանուկյանին: «Կարող եմ ձեզ խորհուրդ տալ` մտնեք ինտերնետ, նայեք տասնյակ երկրների ապստամբությունները, այն էլ է եղել, այն էլ է եղել, իշխանությունները իրենք են որոշելու` երբ է լինելու ապստամբությունը», - ասաց Մանուկյանը:

XS
SM
MD
LG