Մարդիկ չեն ուզում կանգնել այս ընդդիմության կողքին, և իշխանությունն օգտվում է դրանից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
«Ազատություն». - Երեք ամսից ավելի է անցել պատերազմից, Դուք տեսնո՞ւմ եք մթնոլորտ ներհայաստանյան կյանքը կայունացնելու, մեր մեջքն ուղղելու համար:
Տիգրան Պասկևիչյան. - Ոչ միայն մթնոլորտ չեմ տեսնում, այլև մի տեսակ, կարելի է ասել, ցանկություն էլ չեմ տեսնում նման մթնոլորտ ձևավորելու և՛ իշխանությունների կողմից, և՛ ընդդիմության կողմից, իսկ հասարակության մի ստվար զանգված ուղղակի մեկուսացել է գործընթացներից, մի տեսակ դեպրեսիվ տրամադրությունների մեջ են՝ սրանց չեն ուզում, ընդդիմությանը չեն ուզում, չեն ուզում գնան, կանգնեն էս ընդդիմության կողքը: Այս ընդդիմությունը չի հասկանում, որ իր գործողություններով ուղղակի երկարացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կյանքը:
«Ազատություն». - Ինչո՞ւ, պարոն Պասկևիչյան:
Տիգրան Պասկևիչյան. - Պարզ օրինակ բերեմ էլի, երբ որ ասենք Արմեն Աշոտյանը կամ Էդուարդ Շարմազանովը նախադասություն են ասում, որը համացանցում տարածվում է, դա բավականաչափ երկարացնում է Նիկոլ Փաշինյանի կյանքը: Այսինքն՝ այդպես էլ այդ ընդդիմությունը չկարողացավ իրեն կողքից նայել, չկարողացավ ինքն իրեն գնահատել, իր՝ այսօր իշխանություն չլինելու պատճառները հասկանալ: Դրա համար երեկ նույնիսկ Սերժ Սարգսյանի եղբայրն էր ցուցարարների շարքում: Էդ բոլոր բաները աշխատում են հօգուտ այն իշխանությունների, որոնք պետք է վաղուց հեռացած լինեին, բայց իրենք էլ այսօր ժողովրդին բացատրում են, ասում են՝ դե տեսեք մենք, որ հեռանանք, կգան այս-այս մարդիկ: Օգտվում են դրանից:
«Ազատություն». - Հրապարակի ուժերի թեման շարունակելով, դա ռևանշի փո՞րձ է, պարոն Պասկևիչյան, ինչպես այս իշխանությունն է բնորոշում: Ի վերջո, Վազգեն Մանուկյանը կարծես չի հավակնում մեկ տարուց ավելի իշխանություն ունենալ, ասում է՝ «խոստանում եմ միայն անցումն ապահովել»:
Տիգրան Պասկևիչյան. - Չեմ կարող ասել դա ռևանշի փորձ է, թե ինչ է: Ուղղակի չեմ հասկանում այդ կոնֆիգուրացիան՝ Վազգեն Մանուկյան, Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», մյուս ուժերն իրար հետ, մի տեսակ ինձ Կռիլովի հայտնի առակն է հիշեցնում, որ կարապը, խեցգետինը և գայլաձուկը, որոնք մի հատ սայլ էին ուզում քաշել, որովհետև այդ մարդիկ ընդհանուր ի՞նչ ունեն: Եթե ընդհանուր արժեքներ ունեն, պետք է այդ արժեքները հռչակեն, հռչակված արժեքներ դեռևս տեսանելի չեն: Ի՞նչ են ուզում, վերջերս ես ինչքան հետևել եմ, հասկանում եմ, որ խոսքը գնում է նրա մասին, որ ժողովուրդ ջան, այս իշխանությունը պիտի չլինի, բայց նաև ասենք, որ մենք ոչ մի բան չենք կարող փոխել, այսինքն՝ այն, ինչ կատարվել է, այլևս փոփոխելի չէ, այդ դեպքում ի՞նչը պետք է փոփոխեք: Էս մարդիկ չեն խոսում ժողովրդի հետ էս մարդիկ հրապարակում կանգնած խոսում են Նիկոլ Փաշինյանի հետ: Կամաց-կամաց գնում է իշխանություն-ընդդիմություն նույնացման գործընթաց, որովհետև նույն վարքն էլ դրսևորում է իշխանությունը: Իշխանությունն էլ չի խոսում ժողովրդի հետ, չի ասում՝ ինչ եղավ, ինչու եղավ, ոչ ոք պատասխան չի տալիս:
«Ազատություն». - Եթե ընդհանրացնենք իշխանության, Փաշինյանի փաստարկը, որ չկա ներքաղաքական կոնսենսուս արտահերթ անցկացնելու շուրջ, նրանք չեն ուզում ընտրություններ, միանգամից իշխանությունն են ուզում, իսկ դա ես չեմ կարող անել, որովհետև ժողովրդի կամարտահայտությունը այդպես չի ապահովվելու:
Տիգրան Պասկևիչյան. - Ինձ թվում է, այն, ինչ որ ասել էր Լիլիթ Մակունցը «Իմ քայլը» խմբակցություն կամ «Քաղաքացիական պայմանագրի» անունից, դա մեծ պատգամ էր կամ ռևերանս էր` ուղղված ընդդիմությանը, այսինքն՝ պայմանավորվածություն էր, մենք էստեղ ենք, դուք էդտեղ եք, եկեք մեր դերերը բաժանենք, այսպես ապրենք, որովհետև մի պահ պատկերացնենք, որ վաղը ասենք առաջնորդը Վազգեն Մանուկյանն է, հայտարարում է, որ վերջ, մենք այլևս դուրս չենք գալիս փողոց, մենք դադարեցնում ենք մեր ակցիաները: Ի՞նչ է լինելու, խաղաղությո՞ւն է տիրելու Երևանի փողոցներում, ոչ, նոր ուժեր են առաջանալու, նոր ուժեր են գալու, և այդ նոր ուժերը շատ ավելի համոզիչ են լինելու, քան էս հին ուժերը: Ես մշտապես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ հաշիվները կարող են մաքրել այն ուժերը, այն էներգիան, որը նրան ժամանակին բերել է իշխանության: Այսինքն՝ քաղաքացիական հասարակության ոլորտում գտնվող, մտածող զանգված, բայց ոչ երբեք Հայ հեղափոխական դաշնակցությունը կամ Հանրապետականը, որոնք շատ անկուռ կոնսենսուսի մեջ են եղել ղարաբաղյան հարցն այստեղ բերել հասցնելու գործում:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.