Մոտ 2 ժամ տևած քայլերթից հետո «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները, համակիրները հասան Ֆրանսիայի հրապարակ: Երթը սկսվեց Արաբկիր վարչական շրջանի Պրահայի զբոսայգուց:
Շարժման մասնակիցներն անցան մի քանի փողոցներով, այդ թվում` Բաղրամյան պողոտայով: Այստեղ նրանք կանգ առան հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի մոտ` հնչեցնելով իրենց կոչերը: Նրանք Արմեն Սարգսյանից պահանջեցին տեր կանգնել իր պահանջին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, հայտարարեցին, թե Արմեն Սարգսյանը չպետք է վավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է հենց կառավարությունից:
Նրանք հնչեցնում էին իրենց կոչերը, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Ելույթներով հանդես եկան շարժման համակարգող, «Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Հանրապետական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով շարժման խորհրդի անդամ է: Նրանք իշխանություններին մեղադրեցին պատերազմը պարտվելու, զոհերի, հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար:
Նշենք, որ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների մասով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել (իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար): Մանուկյանը շաբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր. «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Անդրադառնալով այս գործին` Իշխան Սաղաթելյանն ասաց, թե գործը շինծու է, և Վազգեն Մանուկյանը ճիշտ է ասել այն, ինչ ասել է. «Այս ամբողջ ժամանակահատվածում իշխանությունը և իր ոհմակը քրեական գործեր են հարուցել շարժման բազմաթիվ ղեկավարների վրա տարբեր հոդվածներով` հույս ունենալով, որ մենք կնահանջենք, և կփորձեն այդ ճանապարհով պահել իրենց իշխանությունը: Դա բացառվում է, շարժումը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ»:
«Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցները, հասնելով Ֆրանսիայի հրապարակ, փակեցին հրապարակ մտնող չորս մուտքերը։
Սաղաթելյանը կոչ արեց անհնազանդության ակցիան շարունակել վաղը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ այսուհետ ամենօրյա ռեժիմով են իրականացվելու բողոքի, անհնազանդության ակցիաները:
Շարժման առաջնորդները այդ օրը հայտարարեցին իրենց պայքարի նոր սկիզբ: