Մատչելիության հղումներ

Մարուքյանը հարցեր է ուղղում Փաշինյանին նրա վերջին հայտարարությունների առնչությամբ


Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար, ֆեյսուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ Մարուքյանն առաջարկում է պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները։ Նա չի բացառում, որ եթե այդ հանգամանքները հիմա չքննվեն, ապա հետագայում գուցե բավականին փաստավորված տվյալներ չլինեն։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը Փաշինյանի՝ 1in.am-ին տված հարցազրույցից այսօր որոշ հատվածներ է մեջբերել՝ նշելով՝ «դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը»։

«Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչու՞ կրակած իսկանդերը չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով։»։ Այնուհետև հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ»։ Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու՞ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը», - գրել է Մարուքյանը։

XS
SM
MD
LG