Երկիրը առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր այդ էքսպոյին, ի տարբերություն Երեւանի , ներկայացրել է պատկառելի տաղավար՝ ցուցադրելով հայրենական արտադրության ավելի քան հարյուր միավոր զինատեսակներ, այդ թվում տարատեսակ հրաձգային զենքեր, մարտական մեքենաներ, ականանետեր, հրացաններ, նռնակներ, անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինամթերք։
Բացի զենքի ցուցադրությունից, Ադրբեջանի ռազմական ոլորտի առաջին դեմքերը հանդիպումներ են անցկացնում Արաբական Միացյալ էմիրությունների կառավարության ներկայացուցիչների և ցուցահանդեսի մասնակից պետությունների պաշտոնյաների հետ։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Աբու Դաբիում ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում է ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, ով արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել ցուցահանդեսը հյուրընկալող արաբական երկրի իշխանությունների, մասնավորապես՝ փոխվարչապետ Մանսուր բեն Զաիդ Ալ Նախայանի հետ։ Երկու պաշտոնյաները քննարկել են Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիները։
Առավելապես որպես IDEX- 2021 հայտնի միջազգային ռազմական ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ռազմական արդյունաբերությամբ զբաղվող 900 ընկերություն շուրջ 6 տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բրազիլիայից, Պակիստանից ։
Սա միակ միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի և օդի պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներ։
2009 թվականին, ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում ստորագրված գործարքների ծավալը կազմել է շուրջ 4,5 միլիարդ եվրո։ Այս հսկայական կոմերցիոն ձեռքբերման համար ցուցահանդեսը ստացել է «լավագույն առևտրային շոու» անվանումը ։
Հեղինակավոր էքսպոյին առաջին անգամ մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը միավորում է շուրջ երեք տասնյակ ընկերություններ, որոնք գործում են երկրի տարբեր շրջաններում ։ IGLIM, ARAZ, AZON, DALGA, ALOV․ զենքի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունների պորտֆոլիոն ներառում է շուրջ 1200 տեսակի տարբեր զինատեսակներ՝ հակահրետանային, դիպուկային հրացաններից մինչև ատրճանակներ։ Զենքերը հիմնականում համապատասխանեցված են ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Ադրբեջանական տնտեսության գերակա ճյուղ հռչակված ռազմական արդյունաբերության ոլորտի ծավալները 2019 թվականին կազմել է շուրջ 154 միլիոն դոլար, ինչը 10 միլիոնով ավելի է 2018 թվականի ցուցանիշներից։ Ադրբեջանական ռազմական արդյունաբերությունը վերջին տարիներին, բացի զինատեսակներից, արտադրել է նաև «Գուրզա» զրահապատ պարեկային մեքենա և «Տուֆան» ականանետակայուն դարակաշարով պաշտպանված մեքենա, ցամաքային հրթիռներ, նոր սերնդի Zarba և Iti Govan հարձակվող անօդաչու թռչող սարքեր, որոնք հայտնի են որպես ադրբեջանական «կամիկաձե անօդաչուներ»:
Ադրբեջանական արտադրության այս զինատեսակները լայնորեն կիրառվել են հազարավոր մարդկանց կյանքեր խլած ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
2021 թվականին Global Firepower–ի համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը 139 երկրների ցանկում զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը՝ համարվելով ամենահզոր բանակն ունեցող երկրը Հարավային Կովկասում։ Այդ ցանկում Վրաստանը զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը, Հայաստանը՝ 100-րդ: