Մատչելիության հղումներ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան Նավալնու ու նրա աջակիցների ազատազրկման


Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորել
Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորել

Եվրամիությունը  նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու և նրա աջակիցների ազատազրկման, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Ըստ այդ հաղորդագրությունների, որոշումն արդեն իսկ կայացվել է միության անդամ 27 երկրների արտգործնախարարների նիստում, և ակնկալվում է, որ պաշտոնապես կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում։

Այն, որ եվրոպացի դիվանագետների այսօրվա հանդիպումը անարդյունք չի անցնելու, պարզ էր հենց սկզբից, երբ արտգործնախարարները մեկը մյուսի ետևից հայտարարում էին, որ անհրաժեշտ է խստացենլ դիրքորոշումը Կրեմլի նկատմամբ։

«Մենք կողմ ենք Մոսկվայի հետ երկխոսությանը, սակայն չենք կարող աչք փակել մարդու իրավունքների այսօրինակ ոտնահարման վրա»,- պնդում էր Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։ - «Մենք Նավալնու ձերբակալության ժամանակ արդեն իսկ հստակ ընդգծել էինք, որ չենք պատրաստվում հաշտվել միջազգային իրավունքի այդ ոտնահարման հետ, և պատժամիջոցներ էինք սահմանել։ Հիմա ես կողմ եմ հավելյալ պատժամիջոցների խստացմանը կոնկրետ անձանց հանդեպ»։

Արևմտյան պետությունները մի քանի շաբաթ է միաբերան դատապարտում են Նավալնու ազատազրկումն ու պնդում են, որ ընդդիմադիր գործիչը ճաղերի ետևում է հայտնվել Ռուսաստանի իշխանություններին քննադատելու, էլիտայի կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։

Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը ամսվա սկզբին անձամբ էր մեկնել Մոսկվա, որպեսզի հստակ ընդգծի՝ Նավալնու գործը կարող է ջրբաժան դառնալ երկկողմ հարաբերություններում։ Ռուսական կողմը, սակայն, ոչ միայն չվերանայեց դիրքորոշումը, այլև Բորելի այցի օրերին երկրից ցուցադրաբար վտարեց եվրոպական երեք երկրների դիվանագետների։

«Ակնհայտ է, որ Եվրամիության հետ հարաբերություններում Ռուսաստանն ընտրել է առճակատման ճանապարհը», - այսօր գործընկերների հետ հանդիպումից առաջ հայտարարեց միության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը։ - «Նավալնու դեպքում ակնհայտ է Ռուսաստանի կոպիտ մերժումը մեր բոլոր հորդորները հարգելու, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հաշվի չառնելու հարցում։ Եվ մենք այսօր պետք է քննարկենք, թե ինչպես ենք սրան արձագանքելու։ Հուսով եմ, որ մենք որոշում կկայացնենք, և այն կլինի միասնական ու վճռական»։

Դիվանագետների քննարկումները անցել են դռնփակ, մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Պաշտոնապես չի ասվում նաև, թե ինչ սահմանափակումների մասին է խոսքը, և կոնկրետ ում դեմ են դրանք կիրառվելու։ Reuters-ը, սակայն, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, հաղորդում է, թե սև ցուցակում են Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Քննչական կոմիտեի ղեկավարը, Քրեակատարողական վարչության ղեկավարը, Ռոսգվարդիայի տնօրենն ու Գլխավոր դատախազը։ Ակնկալվում է, որ նրանց մուտքը Եվրամիության տարածք կարգելվի, բանկային հաշիվները կսառեցվեն։ Չի բացառվում, որ ցանկում ընդգրկվեն նաև այլ պաշտոնյաներ։

«Կրեմլում միայն ուժի և սահմանափակումների լեզուն են հասկանում», - նախօրեին Եվրամիության մի քանի երկրների դիվանագետների հետ հեռակա հանդիպմանը պնդել է Նավալնու աջակից Լեոնիդ Վոլկովը։ - «Հենց այդ պատճառով էլ մենք կոչ ենք անում անհատական պատժամիջոցներ սահմանել Պուտինի և նրա մերձավոր աջակիցների, նրա օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Մենք ըմբռնում ենք, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է, բայց անհրաժեշտ է գոնե հստակ ուղերձ հղել Կրեմլին, որ փոխզիջումների ժամանակն այլևս ավարտվել է»։

Ըստ դիվանագիտական աղբյուրների, պատժամիջոցների վերջնական ցանկը պետք է հաստատվի հաջորդ ամիս, Եվրամիության 27 երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ընդ որում, չի բացառվում, որ այդ նախաձեռնությանը կմիանա նաև Վաշինգտոնը։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը դեռ մի քանի շաբաթ առաջ արտաքին քաղաքականությանը նվիրված իր ծրագրային ելույթում ասել էր՝ Ամերիկան չի վարանի խստացնել սահմանափակումները Ռուսաստանի հանդեպ՝ հանուն ժողովրդավարության ամրապնդման, և պատրաստ է այս հարցում մեծացնել համագործակցությունը այն երկրների ու դաշնակիցների հետ, որոնք կիսում են Նահանգների այդ տեսակետը։

Ի դեպ, արդեն հաղորդվել է, որ այսօր երեկոյան եվրոպացի արտգործնախարարների հանդիպմանը հեռակա կմասնակցի նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար էնթոնի Բլինքենը։

XS
SM
MD
LG