Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման` Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան երեկ միասնաբար իրենց երկրներից վտարեցին երեք ռուս դիվանագետների` ի պատասխան Կրեմլի նույնանման քայլի:
Մոսկվան եվրոպական այդ երկրների դիվանագետներին արտաքսել էր անցած շաբաթ՝ պատճառաբանելով, թե վերջիններս մասնակցել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն աջակցող ցույցերին: Ընդ որում, Ռուսաստանի արտգործնախարարությունն այդ որոշումը հրապարակել էր ճիշտ այն ժամանակ, երբ Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատարը ժամանել էր Մոսկվա` քննարկելու երկկողմ հարաբերությունների ապագան: Ընդ որում, Ժոզեպ Բորելը հետո խոստովանել էր, որ այդ որոշման մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից:
«Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ եվրոպացի երեք դիվանագետների պատրաստվում են վտարել: Այդ ժամանակ դա դեռ լուր էր, որը շրջանառվում էր սոցիալական ցանցերում, իսկ հետո դարձավ իրականություն: Ես փոխանցել եմ, որ այդ որոշում անընդունելի է, և հորդորել եմ այն վերանայել», - Euronews-ին ասել էր ԵՄ արտգործնախարարը:
Մոսկվան, մինչդեռ, ոչ միայն չէր վերանայել իր որոշումը, այլև հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր չէ տեղի տալ նաև Բրյուսելի մյուս պահանջների առջև: «Մենք ձեզ վստահելի գործընկեր չենք համարում», - հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մի կողմ դնելով դիվանագիտական նրբանկատությունն ու էթիկայի նորմերը: «Մենք համակերպվել ենք, որ Եվրամիությունը ավելի ու ավելի հաճախ է միակողմանի սահմանափակումներ մտցնում մեր հանդեպ, որոնք որևէ իրավական հիմք չունեն: Մենք մեր կյանքը կառուցում ենք՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ Եվրամիությունը վստահելի գործընկեր չէ, գոնե այս փուլում», - ասել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ավելի ուշ, ամփոփելով մոսկովյան այցի արդյունքները, Ջոզեպ Բորելը փաստել էր, որ Մոսկվան մերժել է առավել կառուցողական երկխոսության անցնելու իր առաջարկը` նախընտրելով բաժանարար գիծ քաշել երկկողմ հարաբերություններում:
Դիվանագետների այս կոշտ հայտարարություններն ու միմյանց դեմ պատժամիջոցները շատերին են հիշեցրել «սառը պատերազմի» ժամանակները: Վերլուծաբանները փաստում են, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն այժմ գտնվում են խորը ճգնաժամում, ընդ որում, բարելավման նշաններ առայժմ չեն երևում: Ճիշտ հակառակը` Reuters-ի աղբյուրների համաձայն, եվրոպական մի քանի երկրներ այժմ մեծացնում են ճնշումը Բրյուսելի նկատմամբ` պահանջելով սառեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, որով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Եվրոպա: Արդեն հաղորդվել է, որ այդ հարցը քննարկվելու է այս ամսվա վերջին` փետրվարի 22-ին, Միության անդամ երկրների արտգործնախարարների հերթական գագաթնաժողովի ընթացքում:
Մինչ այդ, այսօր՝ մի քանի ժամից, Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատարը Եվրախորհրդարանում զեկույց կներկայացնի մոսկովյան այցի մասին և կլսի պատգամավորների տեսակետները: Ակնկալվում է, որ բանավեճը կանցնի թեժ մթնոլորտում. հանդիպման նախօրեին խորհրդարանի պատգամավոր, Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Ռիխո Տերասը դիմել է Եվրահանձնաժողովի ղեկավարին` պահանջելով պաշտոնանկ անել Բորելին` եվրոպական արժեքները ըստ արժանվույն չպաշտպանելու, Միության վարկանիշը ստվերելու համար: Ըստ էստոնացի գեներալի, Եվրախորհրդարանի շուրջ 700 պատգամավորներից 80-ն արդեն միացել են իր բաց նամակին:
Եվրահանձնաժողովը, սակայն, երեկ հայտարարել է, որ Բրյուսելում արտգործնախարարի պաշտոնանկության առիթ չեն տեսնում: «Նրա այցը անհրաժեշտ էր, չի կարելի հանդիպումից հրաժարվել միայն այն պատճառով, որ այն բարդ է լինելու», - հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը:
Վերլուծելով այցից հետո Միության ներսում սկսված բանավեճերը, ինչպես նաև այն փաստը, որ մինչ օրս Կրեմլին պատժելու հարցում Բրյուսելում չկա միասնական դիրքորոշում, փորձագետները փաստում են` «այս խաղակեսում հաղթողը Մոսկվան էր»: «Լավրովը ստացավ այն, ինչ ուզում էր` բաժանեց և տիրեց», - Թվիթերում գրել է Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդր Սթաբը, ընդգծելով` այսօր եվրոպացիների կողմից խաղի բոլոր մասնակիցները` լինի Եվրահանձնաժողովը թե Եվրոպական խորհրդարանը, պետք է հասկանան, որ Ռուսաստանի հանդեպ երկու ռազմավարություն կարող է արդյունավետ լինել` միասնականությունը և հաստատակամությունը: «Այժմ գուցե եկել է միաժամանակ երկուսն էլ ի ցույց դնելու ժամանակը», - ընդգծել է Ֆինլանդիայի նախկին վարչապետը: