Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է` Պուտինի հետ հանդիպմանը չի պատրաստվում նոր վարկ խնդրել


Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին։ «Ակնկալվում է, որ երկու առաջնորդները բավական երկարատև բանակցություններ կանցկացնեն», - այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` չմանրամասնելով, սակայն, երկու առաջնորդների հանդիպման օրակարգի թեմաները։

Մեկ հարց հստակ է, որ առաջիկա այդ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում Ռուսաստանից նոր՝ երեք միլիարդ դոլարի վարկ խնդրել, ինչպես այս օրերին պնդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

«Կոմերսանտ» պարբերականի տվյալներով, մասնավորապես, Մինսկը մտադիր է Ռուսաստանից պահանջել այն միջոցների մնացորդները, որոնք Ռուսաստանը հատկացրել էր բելառուսական ատոմային էլեկտրակայանի կառուցման համար։ 2011 թվականին այդ նախագծի համար Բելառուսին 10 միլիարդ դոլար էր հատկացվել պետական վարկի տեսքով, սակայն 2020-ին, երբ շահագործման հանձնվեց էլեկտրակայանը, ծախսերը կազմել էին մոտ չորսուկես միլիարդ դոլար։

«Դուք տեսել եք՝ մենք այս տարվա էներգակիրների հարցով ստորագրել ենք ընդհանուր շուկայի փաստաթղթերը, ինչը մեզ համար զգայուն հարց է։ Ընդհանրապես ոչինչ չենք խնդրել և չենք հարցրել։ Եթե Ռուսաստանը կարծում է, որ մեր տնտեսական համագործակցության մակարդակը պետք է լինի հենց այդպիսի բարձրության, ուրեմն այդպես էլ կլինի։ Գնալ, ի՞նչ խնդրել։ Դրա համար Ռուսաստանի այդ լիբերալները ետ են մնացել զգայուն հարցերից, որոնք մենք քննարկում ենք։ Մենք ոչինչ չենք պատրաստվում խնդրել»,- կրկնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա բազմիցս է հայտարարել, թե Կրեմլը Բելառուսից պահանջում է խորացնել տնտեսական համագործակցությունն ու համակարգված դրամավարկային քաղաքականություն վարել՝ ռուսական էներգակիրները ցածր գնով ստանալու դիմաց:

Մինսկում նաև պնդում են, որ Ռուսաստանի կառավարությունը էներգակիրների գնային քաղաքականության միջոցով Բելառուսի նկատմամբ ճնշում է գործադրում` օր առաջ կյանքի կոչելու քսան տարի շարունակ թղթի վրա մնացած Միութենական պետության գաղափարը։

1999 թվականին այդ մասին ստորագրված համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, զինանշանն ու հիմնը: Փաստաթղթում տեղ գտած կետերից և ոչ մեկը, մինչդեռ, մինչ օրս չեն իրագործվել։ Ռուսաստանը Բելառուսի համար տակավին մնում է արտասահման, իսկ Ռուսաստանը միակ արտասահմանյան երկիրն է, որտեղ Լուկաշենկոն մեկնում է անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր։

Նախագահի պաշտոնում իր վեցերորդ ընտրությունը ապահոված այդ քվեարկության արդյունքները կեղծված է համարում ոչ միայն բելառուսական ընդդիմությունը, այլ նաև արևմտյան տասնյակ երկրներ այդ թվում` Եվրամիության անդամ պետությունները, Միացյալ Նահանգները, որոնք հրաժարվում են Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ։

Հաջորդ շաբաթ Ռուսաստան նախատեսված այցը Լուկաշենկոյի թվով երկրորդ արտասահմանյան ուղևորությունն է վերընտրվելուց ի վեր, նախորդ անգամ նա Սոչի էր մեկնել` սեպտեմբերին՝ անձամբ շնորհակալություն հայտնելու Վլադիմիր Պուտինին, ով մեկն է աշխարհի այն սակավաթիվ առաջնորդներից, որոնք պաշտոնապես ընդունել են Բելառուսի նախագահական ընտրությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքները։ Պուտինը այդ հանդիպման ընթացքում նաև խոստացել էր Բելառուսին մեկ ու կես միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրել և անմիջապես էլ հատկացրել։

XS
SM
MD
LG