Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Ես ռուսներին ասում եմ` մենք կդիմանանք, դո՞ւք ինչ եք անելու առանց մեզ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կմեկնի Ռուսաստան` Ռժև, որտեղ մի քանի ժամից նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված նոր հուշահամալիրի բացումը: Հանդիսավոր միջոցառումներից հետո, ըստ Կրեմլի, երկու ղեկավարները նաև դեմ առ դեմ հանդիպում կունենան, ընդ որում, դատելով Լուկաշենկոյի վերջին հայտարարություններից` այն կանցնի թեժ մթնոլորտում:

«Վերջապես ամերիկացիները մեզ նկատեցին, պարզվում է` մենք կարևոր ենք նրանց համար», - նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն աջակիցների հետ փակ հանդիպմանը, որը հետո հեռաձակվել էր պետական հեռուստատեսությամբ: Բավական ծավալուն ու սրտաբաց այդ զրույցում Լուկաշենկոն պատմել էր` վերջին ամիսներին Բելառուսի և Միացյալ Նահանգների միջև սկսված շփումները, ինչպես նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պետքարտուղար Մայք Փոմփեոյի այցը Մինսկ, լրջորեն անհանգստացրել են Կրեմլին: Այդ անհանգստությունը փարատելու և հավատարմության խոստումներ տալու փոխարեն, Ալեքսանդր Լուկաշենկոն, ճիշտ հակառակը, պնդել է` Մոսկվան պետք է սիրաշահի Բելառուսին, քանի որ Մինսկը միակն է դաշնակիցներից, որ մինչ օրս երես չի թեքել:

«Եթե նախկինում Ռուսաստանը դեպի արևմուտք մի քանի ճանապարհ ուներ` Ուկրաինան, Մերձբալթիկան, ապա հիմա այդ ամենը չկա: Լատվիան, Լիտվան, Էստոնիան Ռուսաստանը համարում են ոխերիմ թշնամի: Նրանք ՆԱՏՕ-ում են, լեհերը` նույնպես, Ուկարինայում ավելի վատ է` պատերազմ է: Մե՛նք ենք մնացել միակ պատուհանը` Եվրոպայի հետ համագործակցելու համար: Մի կողմից, դա մեզ ձեռնտու է, մեր երջանկությունն է, մյուս կողմից, մեզ այսուայնկողմ են քաշում, և Ռուսաստանն ամենավատ երազում անգամ չի կարող պատկերացնել, որ մենք այլևս իր կողքին չենք: Այդ առումով ես հասկանում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, բայց ես նրանց միշտ ասում եմ` դուք բելառուսցիներին պետք է սիրաշահելով ձեր կողմը կանչեք»:

Անկախությունից ի վեր Բելառուսն առաջնորդող Լուկաշենկոն պնդել է` շատ լավ է հասկանում, որ Մոսկվան չի կարող կորցնել Բելառուսը, բայց և չի կարող ուժով այն պահել և «Ուկրաինայից հետո երկրորդ ճակատը բացել»: Ապա Բելառուսի նախագահն է՛լ ավելի է բացել փակագծերը. - «Երբ բանակցություններում իրավիճակը շատ է թեժանում, արդեն ավելի լայն շրջանակում, ես ռուսներին ասում եմ` մենք կդիմանանք, մենք գետնահորերում գոյատևել, բայց` չենք մահացել, հիմա էլ կդիմակայենք: Իսկ դո՞ւք ինչ եք անելու առանց մեզ, դրա՛ մասին մտածեք»:

Մի քանի ամիս է` Լուկաշենկոն կշտամբում է Կրեմլին էներգակիրների գինը բարձրացնելու և այն որպես ճնշման գործիք բանեցնելու համար: Չնայած դաշնակցի հորդոր-խնդրանքներին` Մոսկվան մեկ լումա անգամ չզիջեց: Ի պատասխան՝ Բելառուսի նախագահն անցած տարեվերջին հայտարարեց, թե վառելիքը կգնի այլ երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից: Այն ժամանակ դրան քչերը հավատացին, սակայն շաբաթներ առաջ այդ հայտարարությունը դարձավ իրականություն, և Բելառուսը ստացավ ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը: Օրեր առաջ էլ տնտեսական տարաձայնություններին ավելացավ քաղաքականը` Ալեքսանդր Լուկաշենկոն պնդեց, թե Կրեմլը միջամտում է օգոստոսին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնց ինքը կմասնակցի արդեն վեցերորդ անգամ:

Այսօր` այդ մեղադրանքների ու կշտամբանքների ֆոնին էլ երկու դաշնակից պետությունների առաջնորդները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:

XS
SM
MD
LG