Ժաննան ասում է՝ ծանոթներն ու մտերիմները հույսները կորցրել են, թե իրենց զինվորը ողջ է, բայց ավելի քան երեք ամիս հազար ու մի դռներ ծեծած մայրը հույսը չի կորցնում. որդուն միայն ողջերի մեջ է փնտրում. – «Դեռ հըմի ես ի սրտե սպասում եմ ու զգում եմ իրա ներկայությունը, որ ինքը սաղ ա»։
Զինվորն իր գտնվելու վայրի ու ռազմական գործողությունների մասին երբեք որևէ հստակ բան չի ասել։ Այսօր էլ նրա գտնվելու վերջին վայրի մասին ծնողները կցկտուր տեղեկություններ ունեն։ Բայց հստակ է՝ որդին պատերազմի թեժ վայրերում է եղել։ Վերջին հեռախոսազանգը ստացել են հոկտեմբերի 20-ի առավոտյան։
Ժաննան ասում է՝ ընկճված չէր, ձայնն առույգ էր, ասելիքը՝ լավատեսական․ - «Մի հատ ընկճված չէր։ Էս էրեխանց մեջին էս ինչ հայրենասիրություն ա։ Ասեր՝ մամ, դուք մեք վախեցի, մենակ աղոթեք․․․»
Անելանելի վիճակում հայտնված ընտանիքը դիմել է անհետ կորածներով զբաղվող բոլոր պատասխանատուներին։ Թեժ գծերի հեռախոսահամարներն անգիր գիտեն։ Որևէ տեղ հուսադրող պատասխան չեն տվել։ Ստիպված սեփական հետաքննությունն են արել ու հիմքեր գտել, որ իրենց որդին կարող է գերեվարված լինել և որ գտնվում է ադրբեջանական բանտերից մեկում։ Անգամ բանտի անունն են նշում։
Գերիների հարցերով զբաղվող կառույցները, մինչդեռ, չեն հաստատում ընտանիքի կասկածները․ - «Կարմիր խաչն ասում ա՝ մեզ Ազըրբեջանը թույլ չի տալի, որ մտնենք, մեր պատվիրակությունը չի մտել»։
Որդուն սպասող կինն ասում է՝ նույն վիճակում հայտնված մայրերով միմյանց զանգում են, լուրեր փոխանակում ու իրար հուսադրում։ Որդու ջոկատից նույնպես կորած զինվորներ կային։
Ծնողների հետ ամեն օր կապի մեջ էր մինչև այն օրը, երբ լուր ստացվեց, որ 4 զինակիցներից մարմինները գտել են։ Որդու ամենամոտ ընկերոջը մի քանի օր առաջ հուղարկավորեցին․ - «Էդ ղափանցին զանգեց, ասավ՝ Արամ ջան, մենք մեր Հովոյին գտանք։ Ես էդ օրը շատ լաց եղա․․․ ես իրանց հետ հավասար տառապեցի»։
Լոռեցի ընտանիքն այսօր միայնակ է իր տագնապի, անհանգստության ու դժվարությունների հետ։ Ժաննան ասում է՝ միակ խոստումը, որ ստացել են Կարմիր խաչից, հոգեբանական աջակցությունն է․ - «Ասել են՝ մենք իրանց մոտ հոգեբաններ կուղարկենք, թող իրանց հետ հոգեբանները աշխատեն Կարմիր խաչի կողմից։ Ու դեռ առէսօր հոգեբաննին Կարմիր խաչի կողմից գալիս են․․․ Ես ոնց որ ավելի սրտապնդված եմ իմ րեխով, որ իմ րեխեն սաղ ա, բայց տղես սուր նևրոզ ա տանում»։
Ժաննան յուրաքանչյուր խոսքից հետո համոզված շեշտում է, թե իր որդուն պետք է ողջերի մեջ փնտրել․ - «Իմ տղեն ողջ ա։ Ես չտեմ սպասիլ, որ ասեն իրան էսինչ մորգից գտանք»։
Քանի դեռ որևէ հստակ տեղեկություն չկա կորած զինվորի մասին, մենք էլ անուններ ու այլ մանրամասներ չենք հրապարակում՝ նրա անվտանգության նկատառումներով։