Մատչելիության հղումներ

Լուրջ բախումներ չեն եղել, բայց ռիսկ միշտ կա․ Կապանի քաղաքապետ


Շիկահողցի Անդրանիկ Մարգարյանը չի հասկանում, թե խաղաղության հայտարարությունից հետո դեպի իր գյուղ բերող ճանապարհին ինչու են զենքով կանգնել հայը, ռուսն ու ադրբեջանցին։

Անկանոն կրակոցների ձայներ նա պարբերաբար է լսում․ - «Երկար էդպիսի գործողությունների արդյունքը պատերազմն ա լինելու»։

Գորիս - Կապան մայրուղու վրա, նաև Սյունիքի միջհամայնքային ճանապարհներին կարելի է տեսնել զենքով զբոսնող ադրբեջանցիների։ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող հայկական գյուղերն իրար կապող ճամփին «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակն է, որ երկու օր առաջ փակվեց սև ներկով, սակայն հետո ադրբեջանցիները նորը տեղադրեցին։ Այն, որ այս ամենը սահմանին ապրող խաղաղ բնակիչների իրավունքի ոտնահարում է, արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը շեշտում է՝ առայժմ լուրջ բախումներ չեն եղել, բայց ռիսկ միշտ կա, ադրբեջանցի սահմանապահները զինված ճանապարհ դուրս գալու իրավունք չունեն. - «Միշտ պետք է վիզուալ դիտարկման հեռավորության վրա լինի ճանապարհից»։
Կապանի 37 գյուղերից 16-ը այժմ սահմանամերձ են։

Քաղաքապետը սահմանին նոր ճշգրտումներից հետո տպագրված քարտեզ ունի։ Ասում է՝ վերադարձել են խորհրդային սահմաններին, բայց Կուբաթլուն ու Զանգելանը հանձնելով՝ կորավ անվտանգության գոտին ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը․ - «Մենք կորցրել ենք մեծ հնարավորություններ, որ օգտագործում էր Սյունիքը և Սյունիքի բնակչությունը»։

Կապան-Ճակատեն ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածն անցել է Ադրբեջանին։ Քաղաքապետը չի կարծում, որ հայկական երկու գյուղերն իրար կապող ճանապարհը Ադրբեջանի տարածքով է անցել։ 30-ականների, 40-ականների ու 80-ականների քարտեզները տարբեր պատկեր են ցույց տալիս։

«Շիկահողցիներն այստեղով են իրենց գյուղ հասնում, վախ կա», - ասում է համայնքապետը։

Դա հաստատում է Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը․ - «Հնարավորինս միասին ենք գնում գյուղից, երեկոյան ժամերին ձգտում ենք չերթևեկել»։

Շիկահողցի Սամվել Աղաբեկյանն ամեն օր գնում-գալիս է այդ ճանապարհով, թղթեր է հավաքում, որ մարտական զենք ունենա․ - «Ես ամեն օր համարյա գնում են քաղաք, գալիս։ Էրեխեքս էնտեղ են։ Իմ անվտանգությունը ո՞վ ա երաշխավորելու, որ ես առանց զենք ստեղից Ղափան գնամ։ Դրա համար ստիպված գնում եմ մի հատ մարտական զենք վերցնեմ ինքնապաշտպանության համար»։

Շիկահողն էլ այժմ սահմանամերձ է, բաժանարար գիծը դեռ հստակ չէ, բայց տեղեր կան, այն ընդամենը մի քանի քայլ է Զանգելանի շրջանից։

«Հողը չի անցել թշնամուն, էդպիսի կորուստ չունենք, բայց որ անմիջապես գտնվում է թշնամու անմիջապես սահմանագծին, 52 հեկտար հողատարածք ունենք, որից 16 հեկտարը արոտավայր է, իսկ մնացածը՝ վարելահող», - ասում է Նարե Ղազարյանը։

Վարելահողը մշակվել է, ցորեն կա ցանած, չգիտեն ինչպես են հնձելու։ Անասունները արոտավայր չունեն, բանտված են գյուղում։
Վերջին տարիներին Շիկահողում ծրագրեր է իրականացրել Գերմանական զարգացման բանկը՝ եվրոպատուհաններ են տեղադրվել, արևային տաքացուցիչներ՝ գյուղը զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դարձնելու համար։ Տարեկան մինչև 2000 տուրիստ էր գալիս՝ Շիկահողի արգելավայրի բնության հուշարձաններով, տարածքի եկեղեցի-խաչաքարերով հիանալու ու բեզոարյան այծերի շարժին հատուկ դիտակետից հետևելու համար։ Այս ամենը աշխուժացնում էր գյուղը, ասում է Ղազարյանը․ - «Գյուղում ունենք տներ, որոնք օգտագործվում էին որպես հյուրատներ։ Մարդկանց համար նաև եկամտի աղբյուր էր։ Գյուղացիները որոշակի կարողանում էին վաճառել բերք ու բարիք էդ նույն զբոսաշրջիկներին։ Բայց էսօրվա պայմաններում շատ անորոշ է»։

Շիկահողում այժմ ընդամենը 56 ընտանիք է ապրում։ Խորհրդային Միությունն այստեղ 250 տեղանոց դպորց էր կառուցել, հեռանկարային գյուղ էր։ Հիմա դպրոցում շիկահողցի 6 երեխա է սովորում․․․

Գյուղսովետի նախկին նախագահն ասում է, որ Ղափանի արտադրություններն այստեղ մասնաճյուղեր ունեին, գյուղը ծաղկում էր, գնալով մարդիկ քչացան, հիմա էլ դեպի իրենց բերող ճամփան տեղ-տեղ ադրբեջանցիներինն է․ - «Հույս ունեինք, որ լավ կապրենք, հույս ունեինք, որ անվտանգ կապրենք․․․ Էսպես մի խոսք կա, ասում ա՝ հույս կա ուտելուց լավ ա։ Բայց մեզ էդ հույսից էլ են կտրել»։

Նա կառավարությանն առաջարկներ ունի․ նախ գյուղում պիտի ոռոգման ջուր անցկացնել, հետո անասուններին գոմերում պահելու ու կերակրելու հնարավորություն ստեղծել։ Անվտանգության հարցը լուծված կհամարի՝ եթե հարևանությամբ ոչ թե զինված ադրբեջանցի տեսնի, այլ խաղաղ բնակիչների. – «Եթե խաղաղություն եք ուզում, եթե ուզում եք խաղաղ ապրել իրար կողքի, գերիներին էլ վերադարձնենք, էդ զենքերն էլ ստեղից վերացնենք․․․ Մեր ու Վրաստանի արանքում զենքով կանգնած մարդ կա՞»։

XS
SM
MD
LG