Մատչելիության հղումներ

«Մեկը պիտի կանգնի՞ սահմանին, էդ էլ մենք ենք». Սյունիքի Սյունիքը


Սյունիքի մարզի Սյունիք գյուղն այժմ Ադրբեջանից բաժանվում է Ողջի գետով, այս ափին Արզումանյանին տունն է, մյուս ափին մի քարի վրա երկու ադրբեջանցի է մշտարթուն նստած, դեմքերը ըստ հերթափոխի փոխվում են։

«Որ խոսում են բարձր իրար հետ, լսվում ա», - ասում է գյուղի բնակիչ Մարտուն Արզումանյանը։

«Ամբողջ գետի լայնությունը թող լինի 10-12 մետր, որ քարով էլ խփեն, նաղդ խփող են», - հավելում է նրա համագյուղացի Հուսիկ Մանուչարյանը։

Սյունիք գյուղի տղամարդիկ օրվա տաք ժամին գյուղամեջում են հավաքվում։ Քաղաքական բանավեճ է բռնկվում ամեն պահի. թեման անփոփոխ է՝ Հայաստանի ո՞ր մի իշխանությունն էր ամենաապիկարը:

«Մեր ժողովուրդ ի վիճակի ա իրան պահի։ Էս ապիկար կառավարությունը ժամանակին որ անցնի, էն ժամանակ ամեն ինչ լավանալու ա», - ասում է Ալբերտ Հովհաննիսյանը։

Համագյուղացիներից ոչ բոլորն են կիսում նրա տեսակետը․ - «Ապիկարը դրանից առաջ էր․․․»

«Միավորվեն, երկիրը կառուցեն․ էս ա իմ ասածս։ Էլ ընկնին ոչ մեղավորներ փնտրեն, իրար դեմ խառնեն, խառնվեն։ Սա ի վնաս մեզ ա աշխատում», - ասաց նրանց համագյուղացի Մարտուն Արզումանյանը։

Այս գյուղը տասնամյակներով ապրել է ադրբեջանցիների հարևանությամբ ու ադրբեջանցիների կողքին, բայց, ասում են, թե այն ժամանակ սահմանի տեղն էլ չգիտեին։

«Էն վախտը Սովետ ա եղել, Սովետը ամեն ինչը կարգավորել ա, բա հիմա ո՞վ ա կարգավորելու», - հարցնում է Անուշավան Սարգսյանը։

Նա էլեկտրասղոցն էր մաքրում նկուղում պահելու համար։ Զանգելանի անտառներից փայտ բերել այլևս չկա, գյուղում հանգիստ կյանք էլ դժվար է պատկերացնում․ - «Ո՞նց կարող ա թշնամին մի քանի մետրի վրա, դու տագնապ չունենաս․․․Էսօր-էգուց անասուն ա մտնելու, մարդ ա մտնելու, տանելու են․․․»

«Հաշտ ու բարի էինք», - հիշում է Ռիմա Ալեքսանյանը, բայց չի հավատում, թե այդ հաշտ ու բարին կվերադառնա․ - «Հրեն դրոշակը դրած ընդե․․․ բա ինչ ենք անում, որ չենք վախում․․․ Թորքին հազիվ խռիկ էինք տվել, էլի եկալ են․․․»

Իսկ Ֆրունզ Զաքարյանը վտանգ չի տեսնում․ - «Ի՞նչ ա եղել մեզ։ Իրանք իրանց համար, մենք մեզ համար։ Ոչ մի վտանգ էլ չկա, շատ նման հաչում են ուղղակի։ Քաղաքական երանգ են տալիս ու սյունեցիներին վախեցնում․․․ Սյունեցին վախեցող չի, չի էլ վախենալու»։

Զաքարյանը հունից դուրս է գալիս, երբ Սյունիքի անվտանգությունից են խոսում, չի հասկանում, թե ինչու են փորձում խուճապի մատնել իրենց. ահա ինքը երեխաների հետ նույնիսկ այգում է ստեղծագործական միջավայր ապահովել ու ապրում է․ - «Իրանք ընտեղ թաքնված են իրանց համար, մենք էլ մեզ համար ստեղ գուլյատ ենք անում․․․»

«Գուլյատի» սիրտ չունի Էլինա Հայրապետովան։ Նա Բաքվից փախել, եկել է Սյունիք, իսկ հիմա ադրբեջանցի զինվորներն իր տան դիմաց անընդհատ աղմկում են․ - «Ամեն գիշեր ժամը մեկից մինչև չորս անց կես կրակոց, քֆուր-քյաֆար․․․ Մենք համարյա թե չենք քնում»։

Տիկին Էլինան ուզում է, որ ադրբեջանցիներն անաղմուկ հերթապահեն։ Նա գյուղից հեռանալու ցանկություն չունի, քանի որ այս բակում է իր մայրը իր աղջկա համար թղթից նավակներ սարքել։

Սյունիքի մարզի Սյունիք գյուղը Կապանից մի քանի կիլոմետրի վրա է, հենց օդանավակայանի մոտ։ Այստեղ 161 ընտանիք է ապրում։ Գյուղը նաև արցախցիների է ընդունել։ Շատերի հողամասերը հենց գետափին են, մշակում են ու զգույշ են։

Սյունիքիում շատերն են այն կարծիքին, որ քանի դեռ գյուղի շնչին զինված մարդիկ են նստած, խաղաղ կյանքի վերադառնալ հնարավոր չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG