Պաշտոնական Մոսկվան համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Եվ ընդհանրապես՝ Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված հրադադարի համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը առաջվա պես պահանջված է:
Դիվանագետի օրվա առիթով Ռուդենկոն հարցազրույց է տվել և՛ ТАСС-ին, և՛ Russia Today-ին, ընդ որում հարցերը պակաս հետաքրքիր չեն: Այսպես, ТАСС-ը հարցնում է Ռուդենկոյին, թե Ռուսաստանը վերջ տվեց Ղարաբաղյան պատերազմին առանց Մինսկի խմբի, ի՞նչ հեռանկարներ ունի Մինսկի խումբը: Մինսկի խումբը կարևոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ընդգծել է նախարարը: Դա, ըստ Ռուդենկոյի, վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։ Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը մասնավորապես ասում է. - «Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»:
Ռուդենկոն ընդգծում է, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը:
Մոսկվան այս թեզը, թե կարգավիճակի համար դեռ ժամանակը չի եկել, առաջ է քաշում պատերազմի ավարտից հետո:
Նույն այս տրամաբանության շրջանակում Ռուդենկոն “Известия”-ին տված հարցազրույցում ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով ընդգծում է, թե կայունությունը տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման մոտեցումների մշակման համար:
ТАСС գործակալությունը Ռուսաստանի փոխարտգործնախարարից փորձել է պարզել՝ ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, թե Անկարան մտադիր է Ադրբեջանում ավիաբազա կառուցել: Ռուդենկոն, սակայն, այս հարցը անտեսել է և Ղարաբաղում Թուրքիայի հետ համագործակցության մասին խոսելիս սահմանափակվել է միայն նրանով, որ տարածաշրջանում Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Պաշտոնական Մոսկվան համարում է, որ նման կենտրոնի բացումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի լավ օրինակ է։
Russia Today-ին տված հարցազրույցում Ռուդենկոն նշել է Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման և նոր տրանսպորտային ուղիների կառուցման կարևորությունը՝ շեշտելով, թե դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Վրաստանի շահերից։
Դե իսկ ընդհանրապես հետխորհրդային տարածքից խոսելիս Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ընդգծել է, թե Մոսկվան թույլ չի տա, որ Արևմուտքը և առաջին հերթին Միացալ Նահանգները թելադրեն ԱՊՀ երկրներին ինչպես ապրել: Սրա մեկտեղ, Անդրեյ Ռուդենկոն շեշտել է՝ Մոսկվան չունի Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագրեր: