Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ թուրք-ռուսական կենտրոնի կազմում ծառայության համար ընտրված ռուսաստանցի զինվորականները վերջին պատրաստություններն են տեսնում Ադրբեջան մեկնելուց առաջ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած տեսանյութում պատկերված են զինվորականների համար կազմակերպված դասախոսությունները, որոնց ընթացքում, ըստ գերատեսչության, «նրանք ուսումնասիրում են Համատեղ կենտրոնի կառուցվածքը, գործառույթներն ու նպատակները, դրա աշխատանքի կազմակերպման հիմունքները, ինչպես նաև այն երկրի մշակույթն ու ավանդույթները, որտեղ պետք է կատարեն իրենց առջև դրված խնդիրները»։
Նույն հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջան մեկնելուց առաջ ռուսաստանցի զինվորականները մեկ անգամ ևս ուսումնասիրել են այն անօդաչու թռչող սարքերը, որոնց օգնությամբ իրականացվելու է Հրադադարի դիտարկման կենտրոնի աշխատանքը։