Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի արագ մեկնարկը


Շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ու քննարկել «Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործունեության հնարավորինս արագ մեկնարկը, որի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովմանը»։ Ուրբաթ օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ դիտորդական կենտրոնում կծառայեն 60 զինվորականներ Ռուսաստանից և Թուրքիայից։

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը տարածաշրջանում նախատեսում է բացառապես ռուսաստանյան խաղաղապահների ներկայություն։ Թուրքիա բառն այդ փաստաթղթում հիշատակված չէ։ Եռակողմ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, սակայն, Բաքուն հայտնեց, թե տարածաշրջանում իր ներկայությունը կունենա նաև թուրքական զինվորական անձնակազմը, հաջորդ օրը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին:

Ըստ այդ փաստաթղթի՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրի համապատասխան բողոքները։ Ռուս-թուրքական համատեղ առաքելության մասին կողմերն առայժմ այլ մանրամասներ չեն հայտնում։

XS
SM
MD
LG