Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով»


Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդեն
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդեն

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով, այդ թվում`ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությամբ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը:

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` Բայդենն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Կրեմլի հետ, բայց և չի պատրաստվում աչք փակել մտահոգիչ հարցերի վրա․ - «Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ`միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա։ Միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար»:

Ընդ որում, դատելով պաշտոնական հայտարարություններից, Բայդենն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Սպիտակ տան, Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է Ամերիկայի ազգային անվտանգության ու հետախուզական գերատեսչություններին քննել ու իրեն ծավալուն զեկույց ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ:

«Նախագահը դրանց արձագանքելու հարցում դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները», - ընդգծել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին` վերստին կոչ անելով Կրեմլին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Նավալնուն ու նրա հազարավոր աջակիցներին:

Կրեմլի կոշտ քննադատը, որի դեմ հայրենիքում մի շարք գործեր կան հարուցված, ձերբակալվել է մոտ տասն օր առաջ: Ռուս իրավապահները պնդում են, թե նա իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կերպով տեղյակ չի պահել: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները շուրջօրյա ռեժիմով էին ցուցադրում Նավալնուն. 44-ամյա տղամարդը անցած օգոստոսին անակնկալ կորցրել էր գիտակցությունը Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, և աջակիցների տևական պայքարից հետո միայն, Կրեմլի թույլտվությամբ, տեղափոխվել Բեռլին` բուժման:

Գերմանացի մասնագետներն ավելի ուշ եզրակացրել էին, որ նախագահ Պուտինի ընդդիմախոսը մահափորձի զոհ էր դարձել․ նրան փորձել էին թունավորել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով:

Չնայած այդ մասին բազմաթիվ պնդումներին` մինչև օրս Ռուսաստանում այս փաստով նույնիսկ քրեական գործ չի հարուցվել: Ավելին, Մոսկվան հայտարարում է, թե ողջ այս սցենարը գրվել է դրսում` Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար:

«Այդ, այսպես կոչված «գործիչն» անհրաժեշտ է Արևմուտքին` Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու, սոցիալական ցնցումներ, գործադուլներ ու նոր մայդաններ հրահրելու համար», - այսօր Аргументы и факты պարբերականին ասել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը: Բարձրաստիճան պաշտոնյան, առանց դատարանի որոշման, պնդել է, թե Նավալնին մի քանի անգամ կոպտորեն ոտնահարել է Ռուսաստանի օրենսդրությունը, «զբաղվել է խոշոր չափերի հասնող խարդախություններով, և պետք է իր արածների համար պատասխան տա»:

Կրեմլում առայժմ որևէ կերպ չեն մեղմում դիրքորոշումը նաև հազարավոր ցուցարարների հանդեպ, որոնք ձերբակալվել էին անցած շաբաթ օրը, երբ փողոց էին դուրս եկել Նավալնուն ազատ արձակելու պահանջով․ - «Համաձայնեք, որ այդ ակցիաների մասնակիցների կողմից գործադրված բռնությունների մակարդակը աննախադեպ բարձր էր, նրանք չափազանց ագրեսիվ էին իրենց պահում, և իհարկե, իրավապահների հանդեպ նման ագրեսիայի դեպքերը անհամեմատ ավելի շատ էին, քան ոստիկանների կամ օմոնականների ոչ ցանկալի քայլերը»:

Իրավապաշտպաններն ու շաբաթօրյա ակցիայի ականատեսները, սակայն, Կրեմլի այս ձևակերպումների հետ չեն համաձայնում: Համացանցը լի է տեսանյութերով, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու հատուկջոկատայինները մահակներով ծեծում ու բռնի ուժով ձերբակալում ցուցարարներին: Սանկտ Պետերբուրգում օմոնականներից մեկն անգամ ոտքով էր հարվածել 54-ամյա կնոջ որովայնին։ Կինը հարվածից վայր էր ընկել, գլխի վնասվածք ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Դատախազությունն ու ոստիկանությունը դեռ քննում են միջադեպը, կասկածյալներ ու մեղավորներ չկան:

Մինչդեռ ցուցարարներին պատասխանատվության կանչելու հարցում իրավապահները ժամանակ չեն կորցնում: Օմսկում, օրինակ, դատավորը Նավալնու շտաբի ղեկավար Օլգա Կարտավցևային յոթնօրյա կալանքի է դատապարտել չարտոնված երթ կազմակերպելու համար, մի արարք, որի համար նույն այդ դատավորը նույն այդ կնոջը երկու օր առաջ արդեն իսկ մեղավոր էր ճանաչել ու դրամական խոշոր տուգանքի դատապարտել:

«Դատավորը որևէ կերպ չպարզաբանեց, թե ինչպես կարելի է միևնույն արարքի համար մարդուն երկու անգամ պատժել։ Ասաց, որ այդ մենք ենք սխալ ենք հասկանում օրենսդրությունը», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Նավալնու աջակիցները վստահ են, որ Կրեմլը փորձում է այս քայլերով վախի մթնոլորտ սերմանել և ճնշել առաջիկա շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիան: Ընդդիմադիրները, սակայն, մտադիր չեն ընկրկել:

Արևմուտքը ևս հայտարարում է, որ շարունակելու է ուշի-ուշով հետևել զարգացումներին:

«Խաղաղ հավաքների իրավունքը Ռուսաստանի Սահմանադրությամբ է ամրագրված», - երեկ հիշեցրել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը՝ Եվրամիության անունից հորդորելով Կրեմլին հետևել սեփական օրենքներին:

XS
SM
MD
LG