Եվրամիության անդամ Հունգարիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից նախապատվությունը տվել է ռուսականին՝ դառնալով ԵՄ առաջին երկիրը, որը գնում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
«Սպուտնիկ V»-ը Եվրամիության տարածքում կիրառման թույլտվություն չի ստացել, դեղամիջոցը գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Բոլիվիայում, Արգենտինայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Թուրքմենստանում։ Հաշվված ամիսների ընթացքում ստեղծված կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արդյունավետությունը բազմաթիվ փորձագետներ կասկածի տակ են դնում՝ պնդելով, որ այն բավարար չափով չի փորձարկվել, և հայտնի չէ մարդու օրգանիզմի վրա դրա թողած ազդեցությունը:
Ավելի վաղ «Սպուտնիկ V»-ով պատվաստվել են Հայաստանի 15 քաղաքացիներ, որոնց մոտ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, հետպատվաստումային որևէ բարդություն չի արձանագրվել։