Մատչելիության հղումներ

Բայդենը չեղարկել է Թրամփի մի քանի աղմկահարույց որոշումները


Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուն պես մի քանի հրամանագրեր է ստորագրել` չեղարկելով նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ աղմկահարույց որոշումներ։ Առաջին հրամանագրերից մեկով Բայդենը չեղարկել է մահմեդական մի քանի երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը։

Չորս տարի տարանջատված ընտանիքների անդամներին դա շատ է ուրախացրել։ Սիրիացի Աբու Ասլանը Դամասկոսում հեռուստացույցով հետևում էր Բայդենի երդմնակալության արարողությանը։ «Ռոյթերսի» հետ զրույցում նա ասել է, թե կինը գրին քարտ ունի, աղջկա մոտ է ապրում Ամերիկայում, բայց ինքը Թրամփի որոշման պատճառով չի կարող գնալ. «Ես ցանկանում եմ Բայդենին ասել, որ մենք հույս ունենք տեսնել նրանց, ես մինչև հիմա քրոջս երեխաներին չեմ տեսել»։

Սպիտակ տանը նախագահ Բայդենի ստորագրած հրամանագրերով անմիջապես չեղարկվել է մահմեդական և աֆրիկյան 13 երկրներից ԱՄՆ մուտք գործելու արգելքը։

Արաբական աշխարհի մի շարք առաջնորդներ, մասնավորապես Հորդանանի թագավորը, Աբու Դաբիի արքայազնը, Քաթարի էմիրը շնորհավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու փոխնախագահ Քամալա Հարիսին։

Մեկ այլ հրամանագրով չեղարկվել է Թրամփի ոչ պակաս աղմկահարույց որոշումներից մեկը՝ դադարեցվեց ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը։

Բայդենը չեղարկել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը, ինչպես նաև հրահանգել է վերսկսել Վաշինգտոնի վերադարձը կլիմայի փոփոխություններին վերաբերող Փարիզի համաձայնագրի կատարման գործընթացին։

Ի տարբերություն Թրամփի, որը երկար ժամանակ անտեսում էր կորոնավիրուսի համավարակը զսպելու նպատակով կիրառվող մեթոդները, մի որոշ ժամանակ բժշկական դիմակ պարզապես չէր կրում, Ջո Բայդենը խիստ է տրամադրված ու իր պաշտոնավարման առաջին օրն իսկ հրահանգել է դաշնային բոլոր ծառայություններում ու գերատեսչություններում պարտադիր դիմակ կրել։

Երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին մնացել է Սպիտակ տան առողջապահական հարցերով խորհրդական: Նա հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ և հայտնել, որ ԱՄՆ-ն մտադիր է միանալ կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստանյութի հատկացման կենտրոնին (COVAX), որի գործունեության նպատակն է պատվաստանյութով օգնել աղքատ երկրներին։ Ֆաուչին ասել է, որ այսօր ավելի ուշ Բայդենը կստորագրի համապատասխան փաստաթուղթը։ Նա նաև հայտնել է ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշումը՝ մնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ` հավաստիացնելով, որ ԱՄՆ-ն կկատարի իր ֆինանսական պարտավորությունները։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարելու, որ Միացյալ Նահանգները պլանավորում է բազմակողմանի աշխատել COVID-19 համավարակին արձագանքելու համար»,- ասել է Ֆաուչին։

Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում էր Չինաստանի շահերը սպասարկելու մեջ և որոշել էր 2021 թվականի ամռանից դադարեցնել ֆինանսական հատկացումներ կատարել այդ կազմակերպությանը։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը այդ մեղադրանքները հերքում էր, իսկ այսօր Ֆաուչիի հետ զրույցում նա ողջունել է կազմակերպության հետ մնալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշումը։ «Սա լավ օր է Առողջապահության համաշխարհաին կազմակերպության և գլոբալ առողջապահության համար»,- ասել է Գեբրեյեսուսը` նշելով, որ ԱՄՆ-ն գլոբալ, ծայրահեղ կարևոր դեր ունի և ջերմ շնորհավորանքներ է հղել ԱՄՆ-ի նախագահին ու փոխնախագահին։

XS
SM
MD
LG