Մատչելիության հղումներ

«Լոռի TV»-ն մտադիր է դատարանում վիճարկել ՀՌՀ-ի անցկացրած մրցույթի արդյունքները


 «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյան
«Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյան

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը նախատեսում է դատարանում վիճարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի օրերս կայացրած մրցույթի արդյունքները, ըստ որոնց «Լոռի TV»-ն հանրային մուլտիպլեքսի անվճար սլոթով, այսինքն վերգետնյա կապուղիներով հեռարձակվելու իրավունք չունի։

«Լուրջ կասկածներ ունեմ ոչ միայն վատ, սխալ գնահատելու համար, այլև լուրջ կասկածներ ունեմ, որ կոռուպցիոն դրսևորումներ են եղել հանձնաժողովում», - ասում է «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը։

Լոռիում մարզային հեռարձակման լիցենզիա է ստացել «Ֆորտունա» հեռուստաընկերությունը, որը դեռ 10 տարի առաջ կայացած մրցույթում էր շահել այդ իրավունքն ու թվային հեռարձակմամբ սփռվում էր ամբողջ մարզի տարածքով։ «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը հակադարձում է մրցակցի կասկածներին մրցույթի ոչ օբյեկտիվ լինելու մասին։ Շեշտում է՝ իրենք հաղթել են մրցութային փաթեթները երկու ամիս ուսումնասիրած հանձնաժողովի որոշմամբ․ - «Ինձ համար հասկանալի և ընկալելի են մարզային լիցենզիա չստացած առանձին գործընկերների տրամադրությունները։ Բայց անհասկանալի է հաղթած մրցակցի հասցեինք հնչող մեղադրանքը, թե ինչի ենք մենք հաղթել։ Էդ հարցը պետք է տալ հանձնաժողովին»։

Մրցույթին մասնակցած Վանաձորի «Լոռի» և Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունները, ըստ արդյունքների, ավելի քիչ միավորներ են ստացել։ Մրցույթը չհաղթահարած «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը չի բողոքարկի արդյունքները։

Մինչդեռ «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը համոզմունք ունի, թե ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի մրցույթն անցկացնողները կայացրել են քաղաքական որոշում․ - «Փաստացի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախկին, Հանրապետական կուսակցության օրոք ստեղծված հանձնաժողովն է, որևէ բան այս ոլորտում չի փոխվել։ Միայն մի բան, որ Տիգրան Հակոբյանը այն ժամանակ հանձնաժողովի անդամ է եղել, իսկ այս իշխանության ժամանակ հանձնաժողովի նախագահ է ընտրվել։ Ես ցավում եմ, որ նրանք հիմա էլ կաշկանդված են»։

«Լոռի TV»-ում պնդում են, որ «Ֆորտունա» հեռուստաընկերության իրական սեփականատերը և ֆինանսավորողը մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանն է՝ նկատի ունենալով, որ «Ֆորտունայի» եթերում մշտապես գերակշռել են Կարապետյանի գործունեության մասին պատմող հաղորդումները․ - «Այդ հեռուստաընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը, ափսոս, որ ինքը այս ոլորտից հետու մարդ է և իր համար հեռուստատեսությունը միայն պրոպագանդայի միջոց է։ Ուղղակի ցավում եմ, ափսոսում եմ, որ հեռուստատեսությունը դիտարկվում է միայն ընտրությունից ընտրություն հեռուստաընկերության կատարողների համար փող կպցնելու միջոց, իսկ սեփականատերերի համար՝ հանրությանը ապակողմնորոշելու միջոց»։

«Ֆորտունայի» ղեկավարը հերքում է․ - «Չկա այդպիսի բան։ Մենք չունենք ոչ մի տեսակի, ոչ մեկից չունենք ֆինանսական հովանավորչական միջոցներ»։

Հայաստանում մարզային կապուղիով եթեր դուրս գալու իրավունք է ստացել 8 հեռուստաընկերություն։ Մրցույթը չհաղթահարած 5 հեռուստաըկերությունները հնարավորություն կունենան որպես հեղինակազոր ընկերություններ իրենց սեփական արտադրության ծրագրերը հեռարձակել միայն կաբելային ալիքներով և ինտերնետի միջոցով։

Արմավիրի «Ալտ» հեռուստախմբագրությունը ևս դժգոհ է մրցույթի արդյունքներից և առաջիկա երկու ամիսներին որոշում կկայացնի՝ դատարանում բողոքարկե՞լ մրցույթի արդյունքները, թե՞ ոչ։

Հայաստանյան երեք լրագրողական կազմակերպություններ որոշել են առաջիկայում ուսումնասիրել մրցույթում հաղթած բոլոր հանրապետական, մայրաքաղաքային ու մարզային հեռուստաընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացրած փաթեթներն ու մասնագիտական եզրակացություն հրապարակել կայացած մրցույթի մասին։

XS
SM
MD
LG