Մատչելիության հղումներ

Ռուսական երեք հեռուստաալիք կմնա հայկական եթերում՝ հանրային միջոցների հաշվին


Հունվարի 14-ին և 15-ին սպասվում է Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթը, որից հետո արդեն հունվարի 18-ին կհայտարարվեն հաղթողները։

Վերջին անգամ 10 տարի առաջ տեղի ունեցած մրցույթից հետո այս տարի հանրային մուլտիպլեքսում սլոթի՝ անվճար ալիքի համար պայքարում են ինչպես գործող, այնպես էլ նոր հեռուստաալիքներ, ընդ որում, տեղերը սահմանափակ են. երկրում կգործի 5 համապետական և 7 մայրաքաղաքային ալիք։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից տեղեկացանք, որ հանրապետական 5 տեղի համար դիմել է 12 հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքային 7 սլոթի համար՝ 13 ընկերություն։

Մինչ հանձնաժողովի անդամները սպասվող քվեարկությունից առաջ հրաժարվում են հարցազրույց տալ, մասնագետները նշում են, որ ակնհայտ է՝ մրցույթից դուրս մնացողներ են լինելու։

«Անակնկալներ կարող են լինել, թե ինչպես կորոշի արդեն հանձնաժողովը, ես դժվարանում եմ ասել՝ ինչը կհամարեն ավելի կարևոր, արդյոք կհամարեն, որ դաշտի զարգացումը և հետևաբար նոր հեռարձակողների մուտք գործելն այդ դաշտ ավելի կարևոր է, թե կարևոր է որոշակի ստաբիլությունը, դժվարանում եմ ասել», - ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։

Հանրապետական սփռման դիմած մեկ սլոթ առանց մրցույթի կստանա Հանրային հեռուստաընկերությունը, ևս մեկ հաճախականության համար Հանրայինը դիմել է մրցույթին։ Մրցութային 5 տեղերի համար դիմել են նաև «Արմնյուզ»-ը, «Հայկական 2-րդ»-ը, «5-րդ ալիք»-ը, «Կենտրոն թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Արմենիա թիվի»-ն, «Ա թիվի»-ն, «Շանթ»-ը, «Ա1 պլյուս»-ը, նորաստեղծ «Ֆրի նյուզ»-ը, ինչպես նաև 1-in.am-ը, որից տեղեկացանք՝ հայտը հետ է վերցրել։

Այսպիսով, 5 տեղի համար կմրցի 11 ընկերություն, որոնց մեծ մասը միաժամանակ դիմել է նաև միայն մայրաքաղաքում սփռման ալիքի մրցույթին։ Իրենց հերթին, հանրապետական մրցույթին չեն դիմել ու միայն մայրաքաղաքում հեռարձակվելու համար կմրցեն «Դար 21»-ը, «ՄՕ թիվի»-ն, «Արփի մեդիա»-ն և «Շանթ սպորտ»-ը։ Գործող հեռուստաընկերություններից մրցույթին չի մասնակցում միայն «ԱՐ»-ը։

Ընդ որում, անցյալ տարի ընդունվել է ոլորտը կարգավորող նոր օրենք՝ Տեսալսողական մեդիայի մասին, որի համահեղինակներից անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասում է՝ վստահ է, որ մրցույթից հետո օրենքը գործելու է բոլոր իր դրույթներով, ու հանձնաժողովը ուշադիր հետևելու է օրենքի պահանջների կատարմանը։

«Աշխարհի վրա չեք գտնի մի երկիր, որտեղ հանրության փողերով, հարկատուների փողերով գործարկված հանրային մուլտիպլեքսը կաշխատի հանրության դեմ։ Երբ հեռուստատեսային և ռադիո- հանձնաժողովը կսկսի մոնիտորինգ իրականացնել օրենքով սահմանված կարգով, մենք կունենանք քիչ թե շատ ավելի տանելի եթեր, որովհետև գնալով մենք տեսնում ենք նաև պատերազմից հետ, պարտությունից հետո այս հեռուստաընկերությունների հռետորաբանության մեջ, լեզվի մեջ, խոսույթի մեջ խայտառակ անընդունելի կոչեր», - նշեց Բաբաջանյանը։

Տեսալսողական մեդիայի մասին նոր, ամռանն ընդունված օրենքը նաև արգելում է օտարալեզու հեռուստաընկերությունների վերահեռարձակումը Հայաստանում՝ հանրային մուլտիպլեքսում, և նման ալիքների հեռարձակման համար պետք է ունենալ միջպետական պայմանագիր։

«Առաջին օրից դեմ էինք, որպեսզի օտարալեզու որևէ հեռուստաընկերություն տեղ գտնի առհասարակ հանրային այս մուլտիպլեքսում, այս տարածքում, որովհետև գտնում ենք, որ սա Հայաստանի Հանրապետության հարկատուների միջոցով աշխատող տարածք է, ստեղծված տարածք է, և այնտեղ բացառապես հայալեզու, Հայաստանի ինքնիշխանությունը կարևորող և դրա վրա խարսխված հեռուստաընկերություններ պետք է բացառապես գործեն», - ասաց Բաբաջանյանը։

Մինչ այս օրենքի ընդունումից հետո ամերիկյան CNN-ը դուրս է մնալու հեռուստաեթերից, Ռուսաստանի ու Հայաստանի միջև, պատերազմից հետո, անմիջապես կնքվեց պայմանագիր միանգամից 3 անվճար հեռարձակման տեղերի՝ սլոթերի համար, դրանցից 1-ը՝ համապետական, 2-ը՝ մայրաքաղաքային, ռուսական հեռուստաալիքները կմնան հայկական եթերում։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանի խոսքով՝ ռուսական ալիքների՝ հանրային շատ սահմանափակ մուլտիպլեքս մտնելու պատճառով տեղական լրատվամիջոցներ են կորցնում եթերի հնարավորությունը, բացի այդ՝ տուժում է նաև տեղական գովազդային շուկան։

«Գովազդային շուկան շատ սահմանափակ է, հայկական շուկան փոքր է և վերջին տարիներին նաև որոշակի անկում ունի, էլ չեմ խոսում 20 թվականի և դեռ չգիտենք՝ ինչ է լինելու 21-ի հետ։ Հետևաբար, այս բոլոր եղած ռեսուրսը ցանկալի է, որպեսզի գնա հայկական հեռուստաընկերությունների զարգացմանը», - ընդգծեց Սարգսյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով՝ հանրային միջոցների հաշվին օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում մեկ այլ խնդիր ևս առաջացնում է՝ կապված այդ երկրներում տարվող քարոզչության հետ, օրինակ՝ Հայաստանում առաջանում են հակաուկրաինական տրամադրություններ, երբ Ուկրաինան Հայաստանի թշնամին չէ, և հակառակը՝ ռուսական ալիքները միայն դրականն են խոսում Հայաստանի դեմ ագրեսիա կիրառած երկրների մասին:

«Սա չափազանց կարևոր հարց է, սա անգամ ազգային անվտանգության հարց է, մեր հանրությունը ազդվում է այն արտաքին քաղաքական օրակարգով, որը մեզ հասնում է այս հեռուստաընկերությունների միջոցով՝ կլինի ԱՄՆ-ի, կամ Ռուսաստանի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի և այլ վերաբերմունք ունի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, էապես տարբերվում է ռուսական արտաքին քաղաքականությունից։ Դրական լույսի ներքո Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացումը Հայաստանի մուլտիպլեքսի հանրային տարածքում մեծ սպառնալիք է», - կարծում է պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG