Մատչելիության հղումներ

ՀՌՀ նախագահը հակադարձում է լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան, արխիվ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան, արխիվ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը «Ազատությանը» հետ զրույցում ներկայացնում է մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «Արփի Մեդիա» ընկերության ներկայացրած բովանդակությունը՝ ուսումնական, մանկական, սոցիալական՝ հակադարձելով լրագրողական կազմակերպությունների հնչեցրած կարծիքին, թե անթույլատրելի է ավելի ցածր գնահատել գործող և փորձ ունեցող հեռուստաընկերությանը՝ նախապատվությունը տալով անհայտ հեռուստաընկերությանը։

«Հանձնաժողովի համար նրանք անհայտ չեն, բացարձակ անհայտ չեն։ Ես դրա համար բոլորին կխնդրեի․ եթե իրենց մեդիամասնագետ կամ իրավաբան են համարում, ծանոթանալ այն ընկերությունների գործունեությանը, որոնց մենք նորից շեմը բավարարող թվանշաններ ենք դրել», - ասաց Հակոբյանը։

Մեդիադաշտի մասնագետների կարծիքով, հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթը, որը տեղական 12 հեռուստաընկերություններին հնարավորություն տվեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերում հեռարձակում ապահովել, իրականում սուբյեկտիվիզմի մեծ բաղադրիչ է պարունակում։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը չի հակադրվում այս կարծիքին՝ ընդգծելով, որ ցանկացած որոշման մեջ սուբյեկտիվիզմի մեծ բաղադրիչ կա, այդպես է աշխարհում, քանի որ գործընթացը տեխնիկական ու ավտոմատացված չէ։

«Կարծում եմ կարևոր կլինի, որ մենք անցկացնենք մեր գործընկերներով այդ մրցույթների աուդիտ։ Այսինքն՝ ուշադիր և խորությամբ ուսումնասիրենք ամեն մի հայտը, և ինչով էր պայմանավորված այդ հայտինտրված գնահատականները։ Դա նաև միգուցե նույնիսկ մոտակա ապագայի համար շատ կարևոր կլինի, որպեսզի մենք հասկանանք ինչքանով պրոֆեսիոնալ և պատասխանատու աշխատանք կատարեց կարգավորող մարմինը», - նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Աուդիտի մասին են խոսում, կարող են վերցնեն և համեմատեն։ Ցանկացած հանձնաժողովի անդամ ձեզ կասի, որ այս գոնե անգամ որևէ միջամտություն, նույնիսկ փորձ միջամտության մեր աշխատանքին չի եղել։ Դա հանձնաժողովի որոշումն է», - հավաստիացնում է Հակոբյանը։

Հանձնաժողովի յոթ անկախ անդամները, նրա փոխանցմամբ, երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել են ներկայացված հայտերը՝ համեմատելով հարյուրավոր չափորոշիչներ, իսկ այն ընկերությունները, որոնք մրցակցությանը չեն դիմանում, տեղը զիջում են նորերին։

Ըստ Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի, հայաստանյան եթերը «ընդհանուր առմամբ, ավելի վատն է դարձել»․ - «Ատելության խոսքի, վիրավորանքի, մանիպուլյացիաների, կողմնակալության դրսևորումները շատ ավելի ուժեղացել են։ Եվ պետք է ասեմ, որ սա նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեղքն է»։

Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշում է․ - «Ես բազմիցս արտահայտել եմ․ ատելության խոսքի, մանիպուլյացիաների, ապատեղեկատվության դեմ հանձնաժողովը չի պայքարում, պայքարում է հասարակությունը, պայքարում են պետական ինստիտուտները, պայքարում են քաղաքական ուժերը»։

Անդրադառնալով հանրապետական եթերի մրցույթը չհաղթահարած Ա1+ և Հայկական 2-րդ հեռուստաալիքներին՝ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց իր վարկածները․ - «Այդ 2 հեռուստաընկերությունները շատ ինքնավստահ են եղել և համարել են, որ իրենց ներկայացրած ծրագրերը և անցած ուղին մրցակցությունից դուրս են և ամենալավն են։ Երկրորդը, որ միգուցե չեն ցանկացել լինել մուլտիպլեքսում և այդ չցանկությունը փորձել են բարդել հանձնաժողովի վրա։ Եվ երրորդը, հույս են դրել ոչ թե հանձնաժողովի անկախ որոշումների վրա, այլ ինչ-որ գործոնների»։

Երկուսն էլ, ըստ Հակոբյանի, եթե դիմեին մայրաքաղաքային սփռման համար, մրցութային շեմը կհաղթահարեին, հատկապես, որ մայրաքաղաքայինի դեպքում մեկ թափուր տեղ մնաց։ Դրա համար մրցույթ կհայտարարվի մեկ ամսից։ Ընդ որում, մայրաքաղաքայինի դեպքում կորցնելու էին լսարանի միայն 15-20 տոկոսը․ - «Ինչ վերաբերում է Ա1+-ին։ Այո, Ա1+-ը այն հեռուստաընկերություններից էր, որը Հայաստանում շատ մեծ դեր խաղաց անկախ մեդիայի կայացման գործում։ Դա չի քննարկվում։ Եվ 2001-2 թվականներին քաղաքական կողմնորոշված որոշումներ էին ընդունվել։ Դա հստակ է։ Տեխնիկական և ֆինանսական բազան թույլ է և եղել․․․ ես չեմ հիշում ինչ-որ բաներ, որոնք ազդել են թվանշանների իջեցման վրա։ Թվանշանները բավարար են եղել հանրային մուլտիպլեքսում տեղ զբաղեցնելու համար։ «Ինչո՞ւ չէր զբաղեցրել Ա1+-ը» հարցը հաստատ հանձնաժողովին չէ»։

Հարցը Ա1+-ին ուղղելու հնարավորություն մենք չունեցանք։ Այդուհանդերձ, առաջիկա երկու ամսում, հանձնաժողովի որոշման հետ չհամաձայնող ընկերությունները կարող են բողոքարկել այն։ 2002 թվականին եթերից զրկված և հաջորդ տարիներին հանձնաժողովի կողմից եթերի հեռարձակման հնարավորություն չստացած Ա1+-ը հայցով դիմել է դատարան՝ պահանջելով վերանայել նախկինում կայացած մրցույթների արդյունքները։

Ավելի վաղ Ա1+-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանն «Ազատությանն» ասել էր՝ նոր կառավարությունը պետք է ընդունի նախորդի սխալն ու շտկի իրավիճակը:

XS
SM
MD
LG