2002-ից եթերազրկված «Ա1+»-ը հերթական անգամ չստացավ հանրապետական սփռման լիցենզիա, Հանրային 2-րդ հեռուստաալիքը զրկվեց եթերից, «Արմնյուզ»-ի ու «5-րդ ալիք»-ի միավորները չբավարարեցին հանրապետականի համար՝ լիցենզիան տրվեց միայն մայրաքաղաքային սփռման համար։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 6 սլոթ հանրապետության և 9 սլոթ մայրաքաղաքային ծածկույթի համար: Կնքված միջկառավարական պայմանագրով հանրապետական սփռման արտոնագրերից 1-ը, իսկ մայրաքաղաքայինից՝ 2-ը, ռուսական հեռուստաընկերություններին տրվեց՝ առանց լիզենզիայի, մնացած սլոթերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
Հանրապետական սփռման 5 սլոթերի համար առաջին առավելագույն միավոր հավաքած ընկերություններն են. «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Շանթ», ATV և «Կենտրոն» հեռուստաընկերությունները:
Մայրաքաղաքային սփռման համար 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, Freenews-ը, «Արփի Մեդիա»-ն, «Դար 21»-ն ու «Մո ԹԻՎԻ»-ն: Այստեղ 1 տեղ թափուր մնաց, որի համար լրացուցիչ մրցույթ կհայտարարվի 1 ամսից։
Վարկանիշային քվեարկությունը կատարվում է օրենքի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգի համաձայն, որոշումն ընդունում են հանձնաժողովի 7 անդամները:
Ե՛վ օրենքը, և՛ գործընթացը այնպիսին է, որ սուբյեկտիվիզմի մեծ հնարավորություն է թողնում։ Այսպիսին է Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի արձագանքը սլոթերի մրցույթի արդյունքների վերաբերյալ։ Մրցույթում հաղթելու համար հայտ ներկայացրած հեռուստաընկերությունները պետք է բավարարեին 6 հիմնական չափանիշների՝ սեփական արտադրության հաղորդումների, հայերեն հաղորդումների, համամարդկային արժեքների գերակայություն, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն, մինչդեռ մրցույթի արդյունքները, ըստ Աշոտ Մելիքյանի, վկայում են, որ հայտի տվյալները իրական գործունեության հետ համեմատության մեջ չեն դրվում։
«Քանի որ այդ սկզբունքը չի կիրառվել, այսինքն հեռուստաընկերությունների ռեալ գործունեությունը և իրենց ներկայացրած հայտերը, այս դեպքում հասկանալի չի լինում, թե որոշ հեռուստաընկերություններ, որոնք որ միացնում ես, թե չէ, տեսնում ես միայն խուճապ տարածող կամ ատելության խոսք տարածող, կամ վիրավորանք տարածող հեռուստաընկերություններ։ Մենք բոլորս տեսնում ենք և գիտենք, թե ամեն մեկն իրենից ինչ է ներկայացնում։ Էլ չեմ ասում, որ կան հեռուստաընկերություններ և դրանք մեծամասնություն են, որ հենց քաղաքական շահեր են միայն սպասարկում», - նշեց Մելիքյանը։
Հանձնաժողովը կրկին չցանկացավ եթերում տեսնել «Ա1+»-ին, չընդունեց, որ այդ հեռուստաընկերությունը կայացած, անկախ ու իր լսարանը ունեցող ընկերություն է և ունի բոլոր հնարավորությունները պրոֆեսիոնալ մակարդակով հանդես գալու համար։
«Երբ «Ա1+»-ը նախորդ տասնամյակների ժամանակ չէր ստանում եթեր, մենք հասկանում էինք, որ դա քաղաքական ենթատեքստ ունի և մենք համոզված էինք, որ այդ հեռուստաընկերությունը ուղղակի քաղաքական ճնշման է ենթարկում։ Ինչո՞ւ հիմա չստացավ «Ա1+»-ը, ես կարծում եմ, որ քանի որ հանձնաժողովի անդամները մեծամասնությունը համենայնդեպս դեռ այն ժամանակվա մարդիկ են, իրենք չկարողացան իրենց մեջ հաղթահարել այդ արգելքը», - նշեց Մելիքյանը։
«Ա1+»-ը դիմել էր միայն հանրապետական սփռման համար, այս քայլը խիզախ ու ռիսկային որակեց Աշոտ Մելիքյանը։ Նման ելքը կարելի էր ենթադրել։ Կարծում է՝ մայրաքաղաքային սփռմանը դիմելու դեպքում կկարողանար հաղթել մրցույթում։ Ընդ որում, մայրաքաղաքային սլոթում 1 թափուր տեղ մնաց։ Այդ տեղի համար Աշոտ Մելիքյանը կատաղի մրցույթ է ակնկալում։ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու փաստը, սակայն, նա չկապեց հանրապետությունում խոսքի ազատության սահմանափակման հետ, ինչպես նախկինում։ Այս մրցույթը նախկինից տարբերվում էր։
«Այնտեղ քաղաքական ենթատեքստը և պետության միջամտությունը շատ մեծ էր, այստեղ ես կարծում եմ, որ հիմնականում հանձնաժողովը գործել է ինքնուրույն։ Ես չեմ բացառում տարբեր ազդեցություններ», - նշեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահը։
«Ազատության» հարցին, թե տարբերությունը ինչո՞վ է ակնհայտ, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ակնհայտ է նրանով, որ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք հնարավոր չէր որևէ ընդդիմադիր ուղղվածության հեռուստաընկերություն ունենալ, Սերժ Սարգսյանի օրոք նույնպես։ Հիմա ամբողջ մասնավոր հեռուստաեթերը ընդդեմ իշխանությունների է»։
Թե ի՞նչ թերություններ էր հանձնաժողովը հայտնաբերել «Ա1+»-ի ներկայացրած հայտում և ինչը դարձավ պատճառ ցածր միավորներ ստանալու համար, պարզել չհաջողվեց։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մեկնաբանություն տալ չցանկացավ։ «Ա1+»-ի հետ կապվել ևս չստացվեց։ Այդուհանդերձ, 3 օրից հանձնաժողովը պաշտոնապես կամփոփի արդյունքները, մրցութային շեմը չհաղթահարած հեռուստաընկերություններին էլ կներկայացվեն հիմնավորումներ։