Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան հայկական կողմին է փոխանցել երկու հայ զինծառայողի մարմին, «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ մարմինները հայտնաբերվել են Թալիշ-Մատաղիս հատվածից։
«Մարմիններն անճանաչելի են։ ԴՆԹ թեստի միջոցով պետք է պարզեն նրանց ինքնությունը», - ասաց Թադևոսյանը։
Վերջինս հայտնեց նաև, որ երեկ որոնողական աշխատանքները պետք է իրականացվեին հարավային շրջանում՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ ուղղություններով, սակայն Ալիևների ընտանիքի՝ Շուշի այցի պատճառով աշխատանքները դադարեցվել էին։ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ այսօր որոնողական աշխատանքները կրկին վերսկսվել են՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ ու Շուշի ուղղություններով։
Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս 1232 մարմին է հայտնաբերվել։