Մատչելիության հղումներ

17 ուժերի ճակատը մտավախություն ունի, որ մոսկովյան հանդիպման արդյունքները կարող են դառնալ «նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի շարունակություն»


Մինչ Մոսկվայում կավարտվեին Հայաստանի վարչապետի բանակցությունները Պուտինի և Ալիևի հետ, Երևանում ընդդիմադիր 17 ուժերի ճակատը մտահոգություն հայտնեց, թե հանդիպման արդյունքները կարող են դառնալ «նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի» շարունակություն։

Մոսկովյան հանդիպումից առաջ ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ «Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ և չեղարկվելու է իշխանափոխությունից հետո»։

«Դա փաստ է, որովհետև իր գործունեության ընթացքում դա բազմաթիվ անգամ ինքը ապացուցել է։ Ավելին, ինքը իր գործունեության արդյունքում վնասում, հակապետական որոշումներ է ընդունում Հայաստանի համար», - այօսր նշեց շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները հանրահավաքների ժամանակ նախկինում բազմիցս նշել էին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունում են ի գիտություն և չեն չեղարկելու դրա դրույթները, չի սկսվելու նոր պատերազմ։ Հարցին, թե արդյոք այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ իշխանության գալու դեպքում Մանուկյանը և նրա թեկնածությունն առաջարկած ուժերը այսուհետ այլ կերպ են վարվելու, Սաղաթելյանն արձագանքեց․ - «Մենք հայտարարել ենք, որ չենք չեղարկելու պայմանագիրը, հայտարարությունը, բայց շատ հստակ նաև ասել ենք, որ այդ հայտարարությունը, չնայած իր աղետալի հետևանքներին, կան բազմաթիվ հնարավորություններ այն բարելավելու և գոնե ստեղծված իրավիճակից ինչ-որ բաներ փրկելու համար։ Եթե ամսի 10-ին հեռացված լիներ Նիկոլ Փաշինյանը, և իր փոխարեն լիներ մարդ, որը ի վիճակի էր բանակցելու, մարդ, ով պրոֆեսիոնալ էր, այն կորուստները, որ այս ժամանակահատվածում ունեցել ենք, չէինք ունենա»։

Իսկ հարցին, թե ինչ նկատի ունեն, երբ նշում են, որ Մոսկվայում կարող են ընդունվել որոշումներ Հայաստանի և Արցախի շահերի դեմ, Սաղաթելյանը պատասխանեց․ - «Մինչև հիմա ընդունված որոշումները, նաև դրանից հետևող ընթացքը եղել է Հայաստանի շահին դեմ։ Մենք չգիտենք նաև, թե էս հանդիպումը ինչով է ավարտվելու։ Այս առումով խնդիրը շատ պարզ է՝ մենք էս մարդուն չենք վստահում, ու իրենից որևէ դրական ակնկալիք ունենալը անհեռատեսություն է ընդամենը»։

Հայրենիքի փրկության շարժմանը չմիացած ու վարչապետի սեփական թեկնածուն առաջարկած խորհրդարանի 3-րդ ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Անի Սամսոնյանի խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մեծ մասն արդեն իրականացված է, չեն իրակացվել միայն գերիներին ու հաղոդակցման ուղիների ապաշրջափակմանը վերաբերող կետերը, և իրենք ակնկալում են, որ հստակություն կմտնի այս հարցերի շուրջ․ - «Արցախի մասին, ես որքանով որ գիտեմ, որևէ հարց չի քննարկվելու։ Եվ եթե ստորագրվելու է որևէ փաստաթուղթ, ապա ցանկացած փաստաթուղթ պիտի վավերացվի խորհրդարանի կողմից։ Որովհետև Հայաստանը պառլամենտական երկիր է, և խորհրդարանը պետք է որոշի՝ ելնելով Հայաստանի անվտանգության և Հայաստանի կենսական շահից»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով, այսօրվա հանդիպման օրակարգը ևս ապացուցեց, որ ղարաբաղյան հարցը դարձել է ռուսական ներքաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչ՝ հատկապես ռուսական տնտեսական շահերը առաջ մղելու տեսանկյունից․ - «Փաստորեն, տարածքները Ադրբեջանը ստացել է, հիմա ապաշրջափակման ժամանակն է, և այդ կոմունիկացիաները, որոնք Ռուսաստանի համար կենսական կարևորություն ունեն նաև որպես միջնաժամկետ հեռանկար ԵԱՏՄ-ի շրջանակում, այս համատեքստում, կարծում եմ, նոր զարգացումներ են լինելու, որտեղ Հայաստանը շատ անելու բան չունի։ Ես կարծում եմ, որ պայմանավորվածությունները դեռևս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո հիմնականում ռուս-ադրբեջանական հարթությունում են տեղի ունեցել։ Այսօր Հայաստանը ավելի շատ դիտողի դերում է»։

XS
SM
MD
LG