Մատչելիության հղումներ

Բաբաջանյանի խոսքով՝ 17-ից և մյուսներից ժողովրդի քվեն պաշտպանելու համար իրենք որևէ միջոց չպիտի խնայեն


Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նշելով, որ Փաշինյանը մարմնավորում է ժողովրդի իշխանությունը, Բաբաջանյանն ընդգծեց՝ հենց Փաշինյանի իշխանությունն էլ պետք է անցկացնի ընտրությունները։

Պահանջը, որ դրվում է հրապարակում, պատգամավորի համոզմամբ, ժողովրդի իշխանությանը հաղթելու համար է, իսկ իրենք ժողովրդի քվեն պաշտպանելու համար որևէ միջոց չպիտի խնայեն։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Տարեվերջին վարչապետի հետ հանդիպեցիք, արդյո՞ք կա այդ փոխըմբռնումն՝ անցկացնել արտահերթ ընտրություններ, բայց այս իշխանության օրոք։

Արման Բաբաջանյան․ - Առաջին օրից այդ մասին հայտարարել եմ, որ մենք այդ քննարկումներին մասնակցելու ենք և միայն մեր երկրում ներքաղաքական համերաշխության և հաշտության մթնոլորտն ենք պայմանավորում բացառապես արտահերթ ընտրություններով, այդ միջոցն ենք միայն հնարավոր համարում ստեղծված իրավիճակի որպես հանգուցալուծում։ Կարծում ենք, որ հենց այս իշխանությունը պետք է անցկացնի՝ Նիկոլ Փաշինյանը պիտի անցկացնի, որովհետև իր բոլոր թերություններով և այն բոլոր մեղադրանքներով, որոնց մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ ոչ, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է ժողովրդի իշխանությունը, և այն պահանջը, որ դրվում է հրապարակում, իրականում ժողովրդի իշխանության հաղթահարման համար է դրվում, ժողովրդի իշխանությանը հաղթելու համար է դրվում, իսկ մենք որևէ կերպ չպիտի թույլ տանք։

Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին, փորձ է եղել, առնվազն։ 2007 թվականին մեր պետության և պետականության հունը ձևախեղած, այլասերած, այս տեղափոխելու իր հիմնական հունն անփորձ իշխանության պատճառով, դա չի հաջողվել։ Ես կարծում եմ, որ հենց արտահերթ ընտրությունների օրակարգը պետք է լինի սա՝ թույլ տալ, որպեսզի պրոֆեսիոնալներ, ավելի հմուտ, ավելի շնորհառատ քաղաքական գործիչներ, ուժեր գան և ավարտին հասցնեն այն խոստումներն, այն արժեքները, որոնք 2018 թվականին մեր երկրում այդպիսի դրամատիկ վերափոխումների պատճառ և հիմք դարձան։

«Ազատություն»․ - Ես մեջբերեմ Փաշինյանի մյուս ընդդիմախոսներին՝ մասնավորապես 17 կուսակցություններին, «Լուսավոր Հայաստան»-ին, որ սա 2018-ի Փաշինյանը չէ, ժողովրդական մեծ վստահություն չունի, ուստի կարող է դիմել ընտրակեղծիքների։

Արման Բաբաջանյան․ - Ես կարծում եմ, որ մենք ապացույց չունենք, որ Փաշինյանը կարող է դիմել ընտրակեղծիքների։ Այդ մասին մենք խոսել ենք նաև վարչապետի հետ դեկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ, ունենք նաև պլան վարչապետի հետ, որ քննարկել ենք այս տարեսկզբին, ի դեպ, առաջին անգամ եմ դրա մասին հայտնում, հունվարի 4-ին ենք խոսել վարչապետի հետ և քննարկել ենք այն գործողությունների առնվազն ճանապարհային քարտեզը, որոնք պետությանն այս պահին կպատրաստեն արտահերթ ընտրության։ Դրանք հատկապես վերաբերում են դատական իշխանությանն, Ընտրական օրենսգրքի հիմնարար բարեփոխումներին, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմիններին, որոնք կհսկեն, թույլ չեն տա ընտրակաշառքի գոյությունը։ Մենք հասկանում ենք, թե Ձեր նշած քաղաքական ուժերն ինչպիսի անցյալ ունեն ընտրակաշառքի և ինչպիսի ախորժակ կունենան առաջիկա ընտրություններում մասնակցել հենց այդ միջոցով և կեղծել ընտրությունները։

Վերջին մնացորդը մեր պետականության դա ժողովրդի քվեն է, ժողովրդի կամարտահայտությունն է, մենք որևէ միջոց չպետք է խնայենք այդ քվեն պաշտպանելու համար, ժողովրդավարությունը պաշտպանելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG