Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Այն ամբողջությամբ ընդունվելու դեպքում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը հաջորդ տարվանից կբարձրանան. գործադիրն առաջարկում է 1000 դրամի փոխարեն աշխատող քաղաքացիներից 1500-ից 15 հազար դրամ գանձել՝ ըստ աշխատավարձի չափի։
Փաստաթուղթն օրենսդիրին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հիմնավորելով՝ պատերազմից հետո հիմնադրամի գումարները բավարար չեն հատուցումը շահառուներին ժամանակին տրամադրելու համար։
«Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար», - հայտարարեց Բադասյանը։
Ըստ օրինագծի՝ մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողից ամեն ամիս կգանձվի 1500 դրամ, 101 հազար մինչև 200 հազար դրամ ստացողից՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 հազար դրամ։ Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կկատարեն այլ դրույքաչափով` 18 հազար դրամից մինչև 180 հազար դրամ։
Ներկայացված սանդղակները պատգամավորների, այդ թվում՝ իշխող «Իմ քայլի» մոտ մտահոգություն առաջացրին. սոցիալական անհամաչափ բեռ է դրվում մարդկանց վրա, առաջինից երկրորդ ընթերցում շեմերի փոփոխության անհրաժեշտություն են տեսնում։
Մասնավորապես՝ իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը թվերով ներկայացրեց անհամաչափությունը՝ 201 հազար դրամ աշխատավարձ ստացողը վճարելու է իր աշխատավարձի 2,7 տոկոսը, իսկ 1 միլիոն դրամ ստացողը՝ 0,85 տոկոսը։
«7 հարյուրից միլիոն ու կես հատվածի վրա մի փոքր մենք բեռը բարձրացնենք և դրա փոխարեն, օրինակ, 200-ից 300 հազար դրամ ստացող մարդկանց վրա, որոնք որ այդ աշխատավարձով տուն են պահում հազիվ, մենք իրենց համար բեռն իջեցնենք, որովհետև մեզ ինչքա՞ն փող է պետք, 23 միլիարդ դրամ փող է պետք, էս փողը մենք պետք է հավաքենք, պետք է մեր քաղաքացիները, մենք բոլորս պետք է տանք, բայց պետք է այնպես անենք, որպեսզի ավելի արդարացի լինի», - նշեց Պապոյանը։
Իշխանական մեկ այլ պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ իր ելույթում առաջարկեց ևս մեկ սանդղակ բացել՝ 2 միլիոն դրամ և բարձր ստացողների համար՝ սահմանելով 25 հազար դրամի ամսական գանձում։ Պատգամավորի կարծիքով՝ շատ ավելի տրամաբանական կլիներ մեկ ընդհանուր թիվ սահմանել, օրինակ 3000 դրամ, բայց եթե արդեն իսկ գնում ենք սանդղակավորման, ապա պետք է սոցիալական արդարությունը պահպանվի։
«Երբ որ դուք գնում եք, պետական տուրք եք վճարում, իսկ սա տուրք է, ձեզ չեն հարցնում՝ ձեր եկամուտն ինչքա՞ն է, դուք բարեկեցիկ խավի ներկայացուցի՞չ եք, թե՞ ոչ, բայց եթե գնում եք սանդղակավորման, որը մասնագիտական տեսանկյունից սխալ է, բայց այնուհանդերձ մենք, հաշվի առնելով ներկա պահը, փորձում ենք դրան գնալ, ապա առնվազն գոնե 2 միլիոնը, ինձ թվում է, որպես սանդղակի միավոր պետք է այստեղ ևս առանձնացվի», - ընդգծեց Մանուկյանը։
Նկատենք՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հենց ըստ աշխատավարձի չափով էին առաջարկում գանձումն իրականացնել։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր քննարկմանը չմիացավ՝ ժամանակն օգտագործելով քաղաքական ելույթների համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ գործադիրը պետք է ավելի մասնագիտական հիմնավորում տար շեմերի սահմանմանը. «Եթե մեր նպատակը եղել է սոցիալական որոշակի արդարության ապահովումը զուտ եկամուտներից կախվածություն անելը, այդ դեպքում պետք է գոնե մասնագիտական այս վճարի չափի փոփոխությունը յուրաքանչյուր սանդղակում հարաբերելով այդ բազայի փոփոխության հանդեպ, ինչ-որ որոշակի համաչափություն պիտի ունենա»:
Նախագծով կարգավորվելու է նաև անհետ կործաների և պատերազմի մասնակիցների փոխհատուցման հարցը։ Անհետ կորածների դեպքում հատուցում ստանալու համար սահմանված 6 ամիս սպասելու ժամկետը կկրճատվի։ Կներդրվի նաև հստակ մեխանիզմ՝ կամավորականների, պայմանագրայինների, ժամկետային զինծառայողների համար։ Նախարարն ընդգծեց, որ վերջին պատերազմից հետո եղել են դեպքեր, երբ հաշվառում չունեցող կամավորականները դիմել են ու մերժվել. «Անձը նշված դեպքերում կարող է դիմել կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին, ձեռք բերել Պաշտպանության նախարարության կողմից գտրված տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին»:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին։ Նրանց վերջնական թիվը մի քանի հազարի է հասնելու։