Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմը տապալել է Գերմանիայի կառավարության` անօդաչու սարքեր գնելու ծրագիրը


Ղարաբաղյան վերջին պատերազմը խառնել է Գերմանիայի կառավարության ծրագրերն ու տապալել գործարքը, որով գերմանական բանակն ակնկալում էր առաջիկա ամիսներին հարձակողական մի քանի անօդաչու սարքեր գնել, հաղորդում է Deutsche Welle-ն (DW)։ Բանն այն է, որ կոալիցիայի մաս կազմող խմբակցություններից մեկը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, վերջին պահին արգելափակել է իսրայելական Aerospace Industries-ի հետ համագործակցությունը` վկայաբերելով այն կործանարար ազդեցությունը, որ թողել են իսրայելական դրոնները ղարաբաղյան վերջին պատերազմում։

«Մեր զինվորների պաշտպանության և հեռակառավարման վահանակով մարդ սպանելու միջև սահմանը շատ նուրբ է, և չի կարելի նման կարևոր հարցերում որոշում կայացնել առանց մանրազնին քննարկումների»,- հայտարարել է սոցիալ-դեմոկրատների համանախագահ Նորբերտ Վալտեր-Բորյանսը` ընդգծելով. «Մենք պետք է անվտանգության ու բարոյականության հարցերը հավասար հարթության մեջ դիտարկենք»։

Փաստացի, գերմանական բանակը արդեն իսկ վեց հարյուրից ավելի անօդաչու թռչող սարք ունի իր զինանոցում, սակայն, մինչ օրս դրանք միայն հետախուզական նպատակով են կիրառվում։ 2016-ին պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել էր դրանք համալրել նաև հարձակողական հրթիռներով՝ ամրապնդելու միջազգային առաքելություններին մասնակցող գերմանացի զինվորների անվտանգությունը։

«Պատկերացրեք՝ դիսպետչերը կարող է նստել որևէ անվտանգ վայրում ու հեռվից ուղղորդել սարքը Աֆղանստանի օդային տարածքում, մնում է միայն ճիշտ ժամանակին սեղմել ճիշտ կոճակը»,- հայտարարում էին ծրագրի կողմնակիցները։ Ընդդիմախոսները հակադարձում էին՝ դրանով պատերազմը հավասարվում է կոմպյուտերային խաղի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Տևական բանավեճերից հետո՝ երկու տարի առաջ, Բունդեսթագի Պաշտպանության և բյուջեի հարցերով հանձնաժողովները հավանություն տվեցին Իսրայելից Heron տիպի հարձակողական անօդաչուներ գնելու առաջարկին։ Պաշտպանության նախարարությունն արդեն կազմել էր առուվաճառքի պայմանագիրը, ակնկալվում էր, որ մինչև ձմեռային արձակուրդը Բունդեսթագն այն կհաստատի, և մի քանի ամիս անց արդեն գերմանական բանակը կստանա նոր սերնդի հարձակողական այդ սարքերը․ «Դրանք կարող են օդում մնալ ավելի քան 30 ժամ և նույնիսկ վատ եղանակի դեպքում փոխանցել իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց, բնակավայրերի լուսանկարները, իսկ հրթիռներ ունենալու դեպքում՝ նաև կրակել»,- բացատրում էին Բունդեսվերի փորձագետները։

Շաբաթը, սակայն, ուրբաթից շուտ եկավ, և սոցիալ-դեմոկրատների անակնկալ «ոչ»-ը դարձավ ամպրոպ պարզ երկնքում։ «Մենք մեր դիրքորոշումը փոխեցինք ղարաբաղյան վերջին՝ դրոնների պատերազմից հետո»,- բացատրեց խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխը։

«Առաջին անգամ այստեղ էր, որ բացառապես անօդաչու սարքերի կիրառմամբ հաջողվեց որոշել ռազմական հակամարտությանը ելքը։ Այս պատերազմը դարձավ ակնհայտ վկայությունը, որ դրոնները կարելի է օգտագործել մարտադաշտում իրավիճակը փոխելու նպատակով՝ կասկածի տակ դնելով պնդումները, թե դրանք ընդամենը կոչված են վերևից հսկել ու ամրանդել զինվորների պաշտպանությունը»,- հայտարարում էր գերմանացի պատգամավորը։

Բունդեսվերի ղեկավարը կոալիցիոն գործընկերոջ դեմարշն ընդունեց հրապարակային կշտամբանքով։ «Փաստարկը, թե մենք չենք քննարկել այս հարցը, տեղին չէ, մենք արդեն ութ տարի է՝ բանավիճում ենք դրա շուրջ»,- հայտարարեց պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը։

«Մինչ օրս վտանգավոր իրավիճակներում մեր զինվորները հրամանաատրությունից խնդրում են կործանիչներ ուղարկել դեպքի վայր, և շատ հաճախ այդ ընթացքում մենք կորցնում ենք մեզ համար այնքան թանկ ժամանակը։ Եթե Բունդեսվերը հարձակողական դրոններ չստանա, կնշանակի` մենք անխոհեմաբար վտանգի տակ ենք դնում մեր իսկ զինվորների կյանքը»,- փաստել էր նա։

Վիճահարույց այս հարցի շուրջ համաձայնություն չկա ոչ միայն իշխող կոալիցիայի, այլև խորհրդարանի մյուս ուժերի շրջանում։ Գերմանիայի ազատ դեմոկրատներն ու «Այլընտրանքը» համոզված են` սեփական զինվորի կյանքն անհրաժեշտ է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով։ Կանաչներն ու ձախերը, մինչդեռ, պնդում են՝ ձեռք բերելով նաև այդ զինատեսակը` Բունդեսվերն ավելի ազատ կգործի և կներքաշվի առավել վտանգավոր առաքելություններում՝ վտանգելով նույն այդ զինվորների կյանքը։ «Սա շատ խնդրահարույց զինատեսակ է, և մենք պետք է հաշվի առնենք դրա բոլոր դրական ու բացասական կողմերը»,- անցած շաբաթ Բունդեսթագում հայտարարում էր ձախերի պատգամավոր Թոբիաս Պֆլյուգերը. «Ռումբերով զինված այդ անօդաչու սարքերը առաջին քայլն են վտանգավոր մի ճանապարհի ուղղությամբ, որ կարող է տանել դեպի ավտոմատացված պատերազմների։ Մենք չենք ուզում ճանապարհ հարթել այդօրինակ ապագայի համար»։

Այս փուլում՝ առնվազն հաջորդ ֆինանսական տարում, իսրայելական դրոնների ձեռքբերման հարցը փակված է համարվում։ Սա, սակայն, չի նշանակում, որ Բունդեսվերը հրաժարվում է այդ գաղափարից, նշում են ռազմական փորձագետները․ փաստացի, հաջորդ տարվա ռազմական բյուջեով նախատեսված է միլիոններ տրամադրել բավարական Airbus Defence and Space ընկերությանը Eurodrone-ի նախագծման համար, որը կարող է զինված լինել նաև հրթիռներով։ «Այնպես որ, մեծ հաշվով, գերմանական բանակը ունենալու է այդ սարքերը, այլ հարց է, թե երբ»,- փաստում է DW-ն:

XS
SM
MD
LG