Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է, այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց փոխվարչապետ Տիրգրան Ավինյանն, ով նաև վարում է նիստը։
Ավինյանը նշեց, որ Գասպարյանն Արցախում է Խծաբերդում տեղի ունեցածի և այլ հարցերի կապակցությամբ՝ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար։
Փոխվարչապետի փոխանցմամբ, հարցի շուրջ տեղի են ունենում խոսակցություներ ադրբեջանական կողմի հետ։ Հավանական գերիների տվյալները ճշտվում են։ «Մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում», - ասաց Ավինյանը։
Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։
Անդրադառնալով առհասարակ գերիների փոխանակման խնդրին՝ Ավինյանը նշեց, որ շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված և այս առումով ևս բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավգերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեց պաշտոնապես հաստատված 44 հոգի։ Այս փուլում վերադարձվեցին այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Ադրբեջանը փոխանցեց 44, Հայաստանը՝ 12 անձի։