Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիրների հեթական երթը՝ վարչապետի հրաժարականի պահանջով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը այսօր Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկեցին երթ:

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երթի ընթացքում, արձագանքելով վարչապետի հայտարարությանը՝ եթե ինքը տեղյակ էր դավաճանական հանդիպումների մասին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ինչո՞ւ դրա մասին չէր բարձրաձայնում, ասաց, որ այդ ամենը պարզելու համար պետք է քննություն անցկացվի:

«Պատերազմի սկսելու, պատերազմի ընթացքի և պատերազմի արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար պետք է հարուցվի քերական գործ և իրականացվի քննություն: Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում նաև այս հարցի պատասխանը», - նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը:

Ցուցարարները Բաղրամյան պողոտայով գնացին Ֆրանսիայի հրապարակ: Դիմելով Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ նրանք կոչ արեցին դուրս գալ խմբակցությունից և միանալ իրենց:

Երեկ նրանք նամակով դիմել էին Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնելով մի քանի պահանջ: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց գլխավոր դատախազից ստացած պատասխանը: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ղազինյանի նշած քրեական գործով քննություն է իրականացվում:

«Մենք մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու պետական դավաճանության, այլ կազմակերպված հանցավոր խմբի կողմից պետությունը թուլացնելու նպատակով իրականացված համալիր գործողությունների հետևանքով տեղի է ունեցել հայկական բանակի կազմաքանդում, տեղի է ունեցել արցախյան պատերազմի ցավոտ ելք: Երեկ երթով բոլորս միասին շարժվեցինք դատախազության շենքի մոտ և փոխանցեցինք դիմում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որտեղ հստակ ձևակերպեցինք հարցեր՝ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի նիկոլ Փաշինյանն այս քրեական գործում: Եթե չի հարցաքննվել, ապա ինչո՞ւ», - ներկայացրեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը:

Ընդդիմադիրը գալիք երեքշաբթին՝ դեկտեմբերի 22-ը, հայտարարել են Հայաստանում գործադուլի և դասադուլի օր, իսկ կեսօրին հանրահավաք են հրավիրել Հանրապետության հրապարակում՝ նշելով, որ այդ օրը պետք է շրջափակվի Կառավարության շենքը:

XS
SM
MD
LG