Մատչելիության հղումներ

Սյունեցիներն առավոտից փակել են Կապան – Գորիս ճանապարհահատվածը


Սյունիքի բոլոր խոշորացված համայնքներն այժմ դարձել են սահմանամերձ, իսկ Գորիս – Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ուղղակի գտնվում է Ադրբեջանին տրվող տարածքում։

Մարդիկ անվտանգության երաշխիք են ուզում․ - «Այս մայրուղին հայտնվում է վտանգի տակ։ Երաշխավորված չի լինելու։ Մենք ի՞նչ իմանանք, թե էնտեղից սնայպերով չեն խփելու։ Հետո ասեն՝ վայ, կներեք, պատահական էր․․․»

Հայ-ադրբեջանական սահմանը զգայուն փոփոխությունների է ենթարկվում եռակողմ հայտարարությունից հետո։ Սյունիքում մի շարք համայնքներ տարածքներ են կորցնում։ Շուռնուխ գյուղի տների մի մասն անցնում է Ադրբեջանին, Արավուսի հողերը՝ նույնպես, Որոտան գյուղից մինչև սահման մեկ մետր է։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ։ Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է՝ ռուս ընկերներին վստահում ենք, բայց մեծ ուժեր են պետք, որպեսզի իսկապես անվտանգության երաշխիք լինի․ - «Մեծ թվով սահմանապահներ են պետք, որովհետև ռուս սահմանապահների առաքելությունը կայանալու է նրանում, որ նրանք ապահովեն ճանապարհների անվտանգությունը»։

Սահմանային տարածքները զիջելով՝ վտանգվում է ոչ միայն մայրուղին, ասում է քաղաքապետը, այլև 6 գյուղեր ընդհանրապես զրկվում են ճանապարհից, քանի որ այն անցնում է Ադրբեջանին։ Կապան քաղաքն էլ դառնում է ուղղակի սահմանապահ՝ սահմանի գիծը բնակելի թաղամասից մեկ կիլոմետրի վրա է։

Գևորգ Փարսյանը պնդում է, որ հետպատերազմական այս փուլում, երբ թարմ են երկու կողմերի վերքերն էլ, այդքան մոտիկ չեն կարող գտնվել։ Նա առաջարկում է սպասել մի քանի տարի, վստահության մթնոլորտ ստեղծել, հետո միայն անցնել այս ցավոտ ճշգրտումներին։

Ճանապարհը փակած սյունեցիներին քաղաքապետը ողջունում է։ Ասաց ՝ համարեք ես էլ այնտեղ եմ։

Այնտեղ էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը․ - «Ես ձեր հետ եմ։ Եթե կռվում ենք՝ միասին կռվում ենք, եթե բողոքում ենք՝ միասին բողոքում ենք, եթե ապրում ենք՝ միասին ապրում ենք, եթե մեռնում ենք՝ բոլորս միասին մեռնում ենք»։

Մարզպետ Պողոսյանը ազատամարտիկ է, մարզպետ նշանակվել է տասն օր առաջ։Բբողոքող սյունեցիների հետ նա հիմնականում համաձայն էր, առաջարկում էր նստել, քննարկել, հարցեր տալ պատասխանատուներին։

Այսօր Սյունիքում է Պաշտպանության նախարարը՝ հետևելու մարտական նոր հենակետերի կառուցմանը։ Տեղացիները ահազանգում էին, որ այսպես ողջ Սյունիքը մի կիլոմետր հեռավորության վրա է։ Նրանք առավոտյան լսել էին Տարածքային կառավարման նախարարի խոսքը կառավարության նիստում։

«Հայաստանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր և մեր Զինված ուժերի կողմից վերահսկելի է», - վստահեցրել էր Սուրեն Պապիկյանը։

Հիմա մեր սահմանները պաշտպանվա՞ծ են, հարցնում էին սյունեցիներն իրենց մարզպետին։ Սյունիքի մարզպետը ստիպված էր ասել, որ Սյունիքի ամեն թիզը թանկ է իր համար էլ․ - «Ով որ պատրաստ չի Սյունիքի մի մետր հողի համար կյանքը տալու, նա շատ տղա ա»։

Խորհրդային Միության ղեկավարների որոշմամբ 1929 թվականին Սյոււնիքից 21 գյուղ հանձնվել է այդ ժամանակ եղբայրական Ադրբեջանին։ 90-ականներին հայկական ուժերը տարածքներն ազատագրել են, և այժմ սահմանային այս ճշտումներն իրականացվում են խորհրդային քարտեզով։

Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ իրավական ուժ ունեցող քարտեզներով․ - «Այդ սահմանները ճշգրտում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ Ջի-Փի-Էս սարքերը օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար»։

Սյունեցիները պահանջում են անվտանգության գոտի՝ գոնե մինչև հինգ կիլոմետրանոց, փնտրում են պաշտոնյաների, որ հիշեցնեն Խորհրդային Միության եղբայրական Ադրբեջանը չէ մի քանի մետր այն կողմ․ - «Ինչու մեր պետական այրերը չեն գալիս ժողովրդին կառավարեն, յուրաքանչյուրին իրա տեղը ցույց տան։ Ուղղություն տան, որ մենք էլ կարողանանք մեր կյանքը առաջ տանել»։

Սյունիքի սահմանների ճշտգրտման հարցին այսօր անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ Թաթոյանի, սահմանի գյուղերի բնակիչների զայրութն ու անհանգստությունն ունի հիմքեր, քանի որ խոսքը նրանց ֆիզիկական անվտանգության մասին է։ «Կառավարությունը պարտավոր է հանրությանը, սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ։ Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ», - գրել է Թաթոյանը։

XS
SM
MD
LG