Մատչելիության հղումներ

Պաշտպանի գրասենյակը քայլեր է ձեռնարկում տարածված տեսանյութերում անձանց նույնականացման ուղղությամբ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է, որ արձանագրել են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը։

Թաթոյանը նշում է, որ երեկ ուշ երեկոյից ՄԻՊ աշխատակազմն ահազանգեր է ստանում այն մասին, որ քաղաքացիներն իրենք են ճանաչել իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին:

Պաշտպանը բոլոր տվյալները փոխանցել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյանի գրասենյակի պատասխանատուին ու նրան ներկայացրել այս պահի առկա մանրամասները:

«Հատուկ շեշտում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի, իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ», - ասում է Պաշտպանը:

Թաթոյանն արձանագրում է՝ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ:

Թաթոյանը նաև ընդգծում է, որ նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք, հակառակ պարագայում, ըստ Պաշտպանի, ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հաստատեց, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG