Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,0 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 տոկոս:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 6,75 տոկոս, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 3,75 տոկոս:
Մեկ այլ հաղորդագրությամբ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ երկրի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
«Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը», - ասված է հաղորդագրությունում։
Այսօր նախատեսված է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ ասուլիս։
Նշենք, որ վերջին երկու ամիսներին հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է շուրջ 30 կետով կամ 6 տոկոսով, պարենային հիմնական ապրանքները թանկացել են։