Վերջին օրերին արտարժույթը Հայաստանում թանկացել է, եթե տասն օր առաջ բանկերում ամերիկյան դոլար կարելի էր գնել 495 դրամով, ապա այսօր ամերիկյան արժույթի վաճառքի ամենացածր գինը 505 դրամ է։ Այս արժույթի առքն էլ է թանկացել՝ շուրջ 10 դրամով։ Եվրոյի արժեքը այս ժամանակահատվում նույնպես բարձրաձել է, գրեթե նույն չափով։
«Ազատության» հարցմանն ի պատասխան` Կենտրոնական բանկից փոխանցեցին՝ տատանումների հետևանքով ռիսկեր չեն տեսնում։ Հանրապետության գլխավոր դրամատունը տատանումները բնականոն և համաչափ է համարում: «Հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում ԿԲ-ն կարձագանքի իր ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը», - պատասխանել է Կենտրոնական բանկը։ ԿԲ-ն արձանագրում է, որ ցածր, կայուն գնաճը շարունակվում է, սակայն գնաճն էական չէ։ Գլխավոր դրամատունը արտարժույթի տատանումներին միջամտել չի պատրաստվում։
«Տատանումների գլխավոր պատճառը հասարակության ներսում ձևավորված բացասական սպասելիքներն են»
Տնտեսագետ, 1994-98 թվականներին Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` այս տատանումների գլխավոր պատճառը հասարակության ներսում ձևավորված բացասական սպասելիքներն են, մարդիկ իրենց դրամային խնայողությունները արտարժույթի են վերածում. «Որոշիչը հասարակության մեջ ձևավորված բացասական սպասումներն են, որի պարագայում ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն ուզում են իրենց խնայողությունները ավելի կայուն տեսքով պահել, այսինքն` դուրս են բերում արժույթային շուկա և փորձում են արտարժույթ դարձնել: Սա շատ բնական պրոցես է»:
Այդուհանդերձ տնտեսագետը տարադրամի թանկացումը լուրջ խնդիր չի համարում. «Ամիսը մտել ենք մոտավորապես 492-493, հիմա մոտավորապես 502-503, միջինն եմ ասում, այսինքն` մոտ 2 տոկոս է ամսվա ընթացքում, որը սարսափելի բան չի: Իմ կարծիքով` պետք է Կենտրոնական բանկն իր կանոնների համաձայն կայուն վարքագիծ դրսևորի»:
Ասատրանի կարծիքով՝ Կենտրոնական բանկն այժմ պետք է հետևի, որ ֆինանսական շուկայի մասնակիցներն անհանգիստ քայլերի չդիմեն. «Մեկ էլ տեսնում ես` մի տեղ մի աղմուկ է գնում, բայց պետք է կարողանա Կենտրոնական բանկը համարժեք պատասխան տա, մասնավորապես բանկային համակարգի կայունության հետ կապված: Ուզում եմ հիշեցնել, որ մեկ շաբաթ առաջ, ես ինքս եմ տեսել «Արցախբանկի» հետ կապված աժիոտաժ սկսվեց, հերթեր սկսվեցին, մինչդեռ Կենտրոնական բանկը շատ արագ դրան պետք է արձագանքի թե իր ուղղակի հայտարարություններով` հասարակությանը ներկայացնելու համար, թե ինչ բան է, և ինչ կարող է լինել: «Արցախբանկը» հայկական բանկ է, ունի բավարար իրացվելիության, ունի բավարար կապիտալ»:
Կենտրոնական բանկի նախկին նախագահը հիշեցնում է, որ ամիսներ առաջ կորոնավիրուսի համավարակի պատճառով նույնպես արտարժույթը թանկացել էր. «Կորոնավիրուսով պայմանավորված մարտ-ապրիլ ամսին ես հիշում եմ` փոխարժեքը հասավ Կենտրոնական բանկի 505-ի, այսինքն` մենք այս իրավիճակը տեսել ենք, սրանից ավելի ծանր տեսել ենք»:
Ընդհանուր տնտեսական վիճակը մասնագետը ծանր է որակում` ընգդծելով, որ 2021 թվականն ավելի բարդ է լինելու. «Այստեղ ողբերգական չի վիճակը, բայց շատ բարդ է, շատ ծանր է և կարող է ավելի ծանրանալ, եթե համարժեք վարքագիծ չդրսևորեն կոնկրետ օղակները` պառլամենտ, իշխող ուժ և իհարկե կառավարություն: Կառավարությունը շատ թույլ է, ոչ համարժեք է առ այս պահը այն խնդիրներին մոտենում, որոնք մեր երկրի առաջ, մեր ժողովրդի առաջ, մեր հասարակության առաջ ծառացած են»:
Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` Հայաստանը տարին կփակի 7-ից 8 տոկոս տնտեսական անկմամբ։ Կենտրոնական բանկը նույնպես այս թիվն է նշում